Jump to content

ՀՍՀ/ԱԳԻՆՍԿՈՅԵԻ ԲՈՒՐՅԱԹԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱԳԻՆՍԿՈՅԵԻ ԲՈՒՐՅԱԹԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

ԱԳԻՆՍԿՈՅԵԻ ԲՈՒՐՅԱԹԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Կազմվել է 1937-ի սեպտեմբերի 26-ին։ Տարածությունը 20,6 հզ. կմ² է, բնակչությունը՝ 67 հզ. (1972), բուրյաթներ, ռուսներ, էվենկներ։ Ունի 3 շրջան, կենտրոնը՝ Ագինսկոյե։ Մակերևույթը հիմնականում լեռնային է։ Արմ. կեսը գրավում են Չերսկու, Դաուրյան և Բորշչովոչնի լշ֊ները. վերջինից հվ. ալիքային հարթավայր է։ Գլխավոր գետերն են Օնոնը և Օլենգույը։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ, սակավաձյուն։ Հունվ. միջին ջերմաստիճանը –28°C է, հուլիսինը՝ 19° C, տարեկան տեղումները՝ 300 մմ։ Հողերը թույլ պոդզոլացված են, սևահողային և շագանակագույն, բուսականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային և լեռնատայգային։ Տերիտորիայի համարյա մեկ երրորդը ծածկված է անտառով։ Տնտեսության հիմնական ճյուղը արոտային մսաբրդատու անասնապահությունն է. զարգացած են նաև ձիաբուծությունը և ուղտաբուծությունը։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, բանջարեղեն և կարտոֆիլ։ Կան գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ։