Jump to content

ՀՍՀ/ԱԳԻՏԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳԻՏԱՑԻԱ (<լատ. agitatio–դրդել, մղել, շարժել, շարժման հրահրել), մասսաների գիտակցության ու տրամադրության վրա ներգործող, որոշակի գաղափարների ու կոչերի միջոցով նրանց հասարակական֊քաղաքական կարևոր խնդիրների լուծմանը մասնակից դարձնող քաղաքական գործունեություն։ Դասակարգերի ու կուսակցությունների

պայքարում Ա. հզոր զենք է։ Վ. Ի. Լենինը նշել է կուսակցության գաղափարական֊քաղաքական աշխատանքի երեք տեսակ՝ տեսական գործունեություն, պրոպագանդա և ագիտացիա։ Պրոպագանդայի համեմատությամբ Ա֊ի առանձնահատկությունը մասսայականությունն է, ավելի մասնավոր ու կոնկրետ գաղափարների, գիտելիքների տարածումը։ Ա֊ի միջոցներն են՝ մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, պլակատը, ծաղրանկարը, թռուցիկները, կոչերը ևն։

Ա. կարևոր տեղ է գրավում ՍՄԿԿ գաղափարական աշխատանքի զինանոցում։ Նրա բովանդակությունը կապված է կուսակցության առջև դրված կոնկրետ խնդիրների հետ։ Բոլշևիկյան Ա֊ի հիմնական հատկանիշներն են՝ բարձր գաղափարայնությունը, նպատակասլացությունը, ճշմարտացիությունը, մատչելիությունը, պարզությունը, կոնկրետությունը, մարտական և հարձակողական բնույթը։ Ա. վարող անձին անվանում են ագիտատոր։ Ար. Սիմոնյան