Jump to content

ՀՍՀ/ԱԳԼՈՒՏԻՆԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳԼՈՒՏԻՆԱՑԻԱ, 1. բժշկության մեջ. հեղուկներում կախված մասնիկների (մանրէներ, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և այլ բջիջներ) միմյանց կպչելու երևույթ։ Ա. տեղի է ունենում օրգանիզմում (հատկապես արյան շիճուկում) տարբեր հիվանդությունների ժամանակ առաջացած ագլուտինինների (տես Ագլուտինին) ազդեցությամբ։ Ա֊ի հետևանքով փորձանոթում վերցրած պղտոր կախույթը պարզվում է, առաջանում է հեղուկի բաց գույնի շերտ և նստվածք։ Ա. կարևոր է առանձին վարակիչ հիվանդությունների (որովայնային տիֆ, պարատիֆեր, բրուցելոզ, տուլարեմիա) ախտորոշման, մանրէների տեսակների որոշման համար։ 2. Լեզվաբանության մեջ. բարդ բառերի և քերականական ձևերի կազմության եղանակ՝ արմատի վրա մասնիկների հավելման միջոցով։ Ա֊ի դեպքում յուրաքանչյուր մասնիկ օժտված է լինում քերականական մեկ իմաստով։ Ա. հատուկ է կցական լեզուներին։