Jump to content

ՀՍՀ/ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԳՆՈՍՏԻՑԻԶՄ (հուն․ ά ժխտական մասնիկ + γνῶσις — գիտելիք, իմացություն), իմացաբանական հայեցակետ, ըստ որի մարդու ճանաչողական հնարավորություններն սկզբունքորեն սահմանափակ են։ Ա֊ի տարրեր եղել են դեռևս հին սկեպտիկների ուսմունքում, սակայն դրանք դասական ձևակերպում ստացել են Դ. Հյումի և Ի. Կանտի փիլիսոփայության մեջ։ XIX–XX դդ. Ա. առավել ցայտուն ու սիստեմատիկ զարգացում ստացավ պոզիտիվիզմի և պրագմատիզմի մեջ։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա. դարձավ բուրժ. փիլիսոփայության առավել բնորոշ գծերից մեկը։

Ըստ Ա֊ի, մարդկանց ընկալումները իմացության միակ օբյեկտներն են, և էմպիրիկ տվյալներից զգայությունների աղբյուրի վերաբերյալ եզրահանգում անելը սկզբունքորեն անթույլատրելի է։ Ա. «…չի գնում՝ ո՛չ դեպի արտաքին աշխարհի ռեալության մատերիալիստական ճանաչումը, ո՛չ դեպի աշխարհի իդեալիստական ընդունումը՝ որպես մեր զգայություն» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 14, էջ 136)։ Ա֊ի նման դիրքը ըստ էության փիլիսոփայության հիմնական հարցը սուբյեկտիվ իդեալիզմի ոգով լուծելու քողարկված ձև է, քանի որ զգայություններից դուրս հավաստի բան իմանալու անհնարինությունը նշանակում է, որ զգայությունների աշխարհն է միակ իրական աշխարհը, որ, իբր, միայն նրա գոյությունն է հավաստիորեն հայտնի։ Զգայություններից այն կողմ չգնալու Ա֊ի ձգտումն ի վերջո հանգեցնում է այն հետևությանը, թե օրենքները ճանաչել չի կարելի և այդպիսով գիտությունը զրկում է օբյեկտիվ բովանդակությունից։ Ա֊ի հետագա էվոլյուցիան չփոխեց նրա սկզբունքային դիրքորոշումը, թեպետև գիտության ու հասարակական կյանքի զարգացմամբ առաջադրված նոր խնդիրները որոշակի ազդեցություն ունեցան Ա֊ի վրա՝ կանխորոշելով նրա նոր ձևերը։ Դասական Ա., բացառելով փիլիսոփայության հիմնական հարցի գիտական լուծման հնարավորությունը, բացահայտորեն չէր ժխտում ինչպես այդ հարցի, այնպես էլ առհասարակ փիլիսոփայության ճանաչողական նշանակությունը։ Այնինչ Ա֊ի նեոպոզիտիվիստական ձևը, հատկապես տրամաբանական պոզիտիվիզմը, գիտական գիտելիքի փիլիսոփայական վերլուծությունը հանգեցնելով գիտելիքի ձևական֊տրամաբանական կառուցվածքի, «գիտության լեզվի» վերլուծությանը, փիլիսոփայության հիմնական հարցը հայտարարեց «տրամաբանորեն անթույլատրելի մետաֆիզիկա» և առաջին պլանի վրա մղեց մատերիալիզմի ու իդեալիզմի հաղթահարման և փիլիսոփայության մեջ երրորդ՝ «չեզոք, անկուսակցական» գծի ստեղծման հարցը։ Նա փիլիսոփայական հետազոտության միակ օբյեկտը հռչակեց «գիտության լեզվի» տրամաբանական վերլուծությունը, որը, իբր, զերծ է աշխարհայացքային բնույթի խնդիրներից։

Ժամանակակից հասարակական կյանքում Ա. խաղում է խիստ հետադիմական սոցիալական դեր՝ պաշտպանելով բուրժուազիայի հակասական շահերը, որը շահագրգռված է և՛ կրոնի, և՛ բնագիտության մեջ՝ վերջինում տեսնելով արդյունաբերության զարգացման խթան։ Բուրժուական գաղափարախոսությունն օգտվում է գիտության՝ երևույթների աշխարհով սահմանափակված լինելու ագնոստիկական թեզից, ապացուցելու համար, թե գիտական տեսությունները չեն կարող փաստարկներ ծառայել կրոնի և իդեալիզմի դեմ։ Այստեղից էլ գիտությունը դիտվում է որպես միայն գործնականորեն օգտակար «աշխատանքային հիպոթեզ»։ Գիտությունը սահմանափակելով և մեկուսացնելով գաղափարական պայքարից՝ Ա. դրանով ամրապնդում է նաև աշխարհայացքային հարցերի լուծման գործում մենաշնորհ ձեռք բերելու կրոնի հավակնությունը։

Ա֊ի վերոհիշյալ ձևերից տարբերվում են Հեքսլիի (ագնոստիցիզմ տերմինի հեղինակի) և որոշ այլ բնախույզների հայացքները, որոնց մոտ օբյեկտիվ աշխարհի գոյության և ճանաչելիության կասկածանքները բխում են ոչ թե աշխարհայացքից, այլ դրանք էկլեկտիկորեն զուգակցվում են ըստ էության մատերիալիստական ըմբռնումների հետ։ Ա֊ի իմացաբանական արմատները թաքնված են մեր գիտելիքների հարաբերականության և պատմական պայմանավորվածության մեջ, ինչպես նաև զգայություններից դեպի իրականություն և վերացական մտածողություն կատարվող անցման առանձնահատկությունների մեջ։ Ա֊ի հերքումը պրակտիկան է, որը ապացուցում է մեր գիտելիքների ճշմարտացիությունը։ «Եթե մենք կարող ենք ապացուցել բնության տվյալ երևույթի մեր ըմբռնման ճշտությունը նրանով, որ մենք ինքներս ենք այն առաջացնում, առաջ բերում այն իր իսկ պայմաններից, բացի դրանից ստիպում ենք նրան ծառայել մեր նպատակներին,

​ապա կանտյան անըմբռնելի «ինքնին իրի» վերջը հասնում է» (Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․, Ընտիր երկ․, հ, 2, 1950, էջ 474—75)։

Գրկ․ Էնգելս Ֆ․, Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե․, 1961։ Լենին Վ․ Ի․, Երկ․, հ․ 14։ Վարդապետյան Ղ․ Բ․, Ագնոստիցիզմի և սկեպտիցիզմի քննադատությունը, Ե․, 1956։ Экмалян А. М., Агностицизм и проблема знания и веры в буржуазной философии, Е., 1964․ Ա․ Եկմալյան