ՀՍՀ/ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՐՑ
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՐՑ, լայն առումով՝ գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման օրենքների ու դրանցից բխող դասակարգային հարաբերությունների և դասակարգային պայքարի հարցն է, նեղ առումով՝ նախակապիտալիստական (ֆեոդալական, իսկ առանձին հետամնաց երկրներում՝ նախաֆեոդալական) արտադրական հարաբերությունների վերացման ուղիների և մեթոդների հարցը։ Այդ իմաստով Ա. հ֊ի լուծումը դառնում է բուրժուա֊դեմոկրատական հեղափոխությունների հիմնական խնդիրներից մեկը և կապված է ողջ կալվածատիրական հողային սեփականության բռնագրավման հետ։
Ա. հ֊ի առանցքը հողի խնդիրն է, որ ծագել է աշխատանքի հասարակական բաժանման, ապրանքաշրջանառության և դասակարգերի առաջացման հետ։ Ստրկատիրական հասարակարգում լավագույն հողերը կենտրոնացված էին ստրկատերերի ձեռքին։ Ֆեոդալիզմի ժամանակ հողը դարձավ կալվածատերերի սեփականությունը։ Ռուսաստանում և այլուր գյուղացին ամրացված էր հողին որպես ճորտ։
Հայտնի է գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման երկու ուղի, պրուսական (Գերմանիա, ցարական Ռուսաստան) և ամերիկյան։ Պրուսական ուղու դեպքում «… կալվածատիրական ճորտատիրական տնտեսությունը դանդաղորեն վերաճում է բուրժուականի, յունկերականի, գյուղացիներին դատապարտելով տասնյակ տարիների ամենատանջալից էքսպրոպրիացիայի և ստրկացման, իր միջից ստեղծելով «գրոսբաուերների» («խոշոր գյուղացիների») սակավաթիվ մի փոքրամասնություն» (Լենին Վ․ Ի., Երկ. հ. 13, էջ 299)։ Ամերիկյան ուղու դեպքում կալվածատիրական տնտեսությունը բացառվում է կամ խորտակվում հեղափոխության ընթացքում, իսկ ֆեոդալական կալվածները բռնագրավվում և մասնատվում են։ «Այս դեպքում գերիշխում է գյուղացին, դառնալով հողատիրության բացառիկ գործակալ և էվոլյուցիա է կատարում՝ դառնալով կապիտալիստական ֆերմեր» (նույն տեղում)։
Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում XVII–XIX դդ. բուրժուական հեղափոխությունների ժամանակ բուրժուազիան ձեռնամուխ եղավ Ա. հ֊ի լուծմանը։ Այդ հեղափոխությունները մի քանի երկրներում (Անգլիա, Ֆրանսիա) լուրջ հարված հասցրին ֆեոդալական հարաբերություններին և ճանապարհ հարթեցին գյուղատնտեսության կապիտալիստական զարգացման համար։ Սակայն բուրժուական հեղափոխությունները ոչ ամենուրեք վերացրին ֆեոդալիզմի մնացուկները և հարկ եղավ դրանցով զբաղվել բուն կապիտալիստական հասարակարգի զարգացման ընթացքում։ Օրինակ, Ճապոնիայում և Իտալիայում Ա. հ֊ի լուծման ուղղությամբ կարևորագույն միջոցառումները ձեռնարկվել են միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո (տես Ագրարային ռեֆորմներ)։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում իշխող դասակարգերը փորձել են Ա. հ. լուծել «վերևից»՝ պահպանելով հողատեր ազնվականության տնտեսական և քաղաքական արտոնությունները։ Բուրժուազիան իր դասակարգային սահմանափակության պատճառով չէր կարող հետևողական դեմոկրատական մոտեցում ունենալ Ա. հ֊ին և լուծել այն։ Դա ապացուցվել է պատմական փորձով։ Անգլիայում XV–XVII դդ. բուրժուականացող ազնվականությունը ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշեց հողերից, ցանկապատեց դրանք և սկսեց ոչխարներ պահել բրդի արտադրության համար։ Սեփականազրկված գյուղացիության զգալի մասը դարձավ պրոլետար։ Աստիճանաբար ձևավորվեցին կապիտալիստական ֆերմերային տնտեսությունները։ Ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերափոխվեցին բուրժուական ագրարային հարաբերությունների։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվեցին նաև հողատիրության կիսաֆեոդալական ձևերը։
Կապիտալիստական երկրներում Ա. հ֊ի բովանդակությունը փոփոխվել է կապիտալիզմի զարգացման համեմատ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գյուղատնտեսության մեջ, մասնավորապես ԱՄՆ֊ում, ԳՖՀ֊ում, Կանադայում կատարվել է տեխնիկական հեղաշրջում։ Գյուղատնտեսական մեքենաների լայն ներդրման, արտադրական պրոցեսների մեքենայացման, արհեստական պարարտացման և վնասատուների դեմ քիմիական միջոցների օգտագործման շնորհիվ զգալիորեն բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ Այսպես, ամերիկյան տվյալներով՝ գյուղատնտեսության մեջ զբաղված ամեն մի աշխատող 1950-ին կերակրել է 15, իսկ 1964-ին՝ 33 մարդու։ Ավելացել է տնտեսությունը եկամտաբեր դարձնելու համար անհրաժեշտ կապիտալի չափը։ Մանր տնտեսատերերը, չկարողանալով նորագույն մեքենաներ ձեռք բերել, հարկադրված են եղել վերացնել իրենց տնտեսությունը և գնալ քաղաք։ Ամենուր կրճատվել է գյուղական բնակչության թիվը։ Զարգացած կապիտալիստական երկրներում գյուղական ինքնագործ բնակչությունը 30-ական թթ. վերջերից մինչև 60-ական թթ. կրճատվել է ավելի քան 40%–ով։ 1960–69-ին զբաղվածների և բոլոր վարձու բանվորների թիվը համապատասխանաբար կրճատվել է ԱՄՆ֊ում՝ 33,38, ԳՖՀ֊ում՝ 26,29, Ֆրանսիայում՝ 26,35, Անգլիայում՝ 29,40, Կանադայում՝ 20,28, Իտալիայում՝ 39,35 %-ով։ ԳՖՀ֊ում, Կանադայում և ԱՄՆ֊ում գյուղական ինքնագործ բնակչության թիվը 1969-ին կազմել է համապատասխանաբար՝ 11%, 11% և 6%։ Տեղի է ունեցել գյուղատնտեսության մեջ աշխատող մարդկանց բացարձակ թվի կրճատում, մինչդեռ գյուղատնտ. արտադրանքի ծավալի աճը 1960–70-ին կազմել է 29%։
Իմպերիալիզմի դարաշրջանում գյուղատնտեսությունը անցնում է պետական մոնոպոլիստական կապիտալիզմի ձեռքը, և դա զուգակցվում է ֆերմերական տնտեսությունների կրճատմամբ, մանր հողատերերի զանգվածային հողազրկմամբ։ Զարգացած կապիտալիստական երկրներում աշխատավոր գյուղացիությանը և ֆերմերներին պրոլետարիատի հետ դաշնակցելու է մղում աստիճանաբար ուժեղացող այն գիտակցությունը, որ Ա. հ֊ի լիակատար լուծումը հնարավոր է սոսկ սոցիալիստական հեղափոխության շնորհիվ։
Ա. հ. առաջնահերթ տնտեսական և քաղաքական խնդիր է զարգացող երկրների համար (տես Ագրարային ռեֆորմներ)։
Ա. հ. Ռուսաստանում։ Նախահեղափոխական Ռուսաստանում Ա. հ. հասարակական֊տնտեսական կյանքի հիմնական հարցերից էր։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ գյուղում կապիտալիստական հարաբերությունները միահյուսվում էին ճորտատիրական հարաբերությունների հետ։ 1861-ի գյուղացիական ռեֆորմը վերևից իրագործված միջոցառում էր, որի նպատակն էր վերացնել ճորտատիրությունը՝ պահպանելով հողատեր կալվածատերերի արտոնությունները։ Այն որոշ չափով արագացրեց կապիտալիզմի զարգացումը, սակայն ռեֆորմից հետո էլ հողի մեծ մասը մնաց կալվածատերերի և կալվածատիրական պետության ձեռքին։ «1905 թվականի հողատիրության վիճակագրության» համաձայն, Ռուսաստանի եվրոպական մասում հաշվառված հողերը կազմում էին 395,2 մլն. դեսյատին (1 դեսյատինը 1,09 հա), որից մասնատիրական հողեր՝ 101,7 մլն., բաժնետիրական՝ 138,8 մլն., պետական, եկեղեցապատկան և հիմնարկների՝ 154,7 մլն. դեսյատին։ Մասնատիրական հողատիրության մեջ տիրապետում էին խոշոր սեփականատերերը։ 500 և ավելի դեսյատին հող ունեցող 28 հազար առավել խոշոր սեփականատերեր տիրում էին ամբողջ հողերի 61%-ին։ Միայն եվրոպական Ռուսաստանում 7,8 մլն. դեսյատին հող պատկանում էր ցարական ընտանիքին։ «Տաս միլիոն գյուղացիական ծխերն ունեն 73 միլիոն դեսյատին հող,– գրում է Վ. Ի. Լենինը։– Քսանութ հազար ազնվազարմ ու կռո լենդլորդերը՝ 62 միլիոն դեսյատին։ Այս է այն դաշտի հիմնական ֆոնը, որտեղ ծավալվում է գյուղացիության պայքարը հողի համար» (Երկ., հ. 13, էջ 280)։
Այս իրողությունն արտակարգ սրել էր Ա. հ. ցարական Ռուսաստանում և դարձրել այն բուրժուական հեղափոխության հիմքն ու նրա ազգային առանձնահատկությունը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պահանջում էր անցնել վարձու աշխատանքին։ Ռուսաստանում տիրող դասակարգերը ձգտում էին կամ նոր նվաճումներով ընդարձակել արտաքին շուկան, կամ ռեֆորմներով ընդլայնել ներքին շուկան։ Բայց քանի որ ռեֆորմի համար հարկավոր էր վերացնել գյուղում տիրող հնամենի հարաբերությունները, ուստի իշխող դասակարգերը գերադասում էին առաջին ուղին։ Իսկ արտաքին նվաճումների անհաջողությունը և աշխատավորական զանգվածների հեղափոխական ելույթները հարկադրական անհրաժեշտությամբ մղում էին դեպի ռեֆորմ։ Ա. հ. պրուսական ուղիով լուծելու ակներև փորձ էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը (տես Ստոլիպինյան ռեֆորմ)։
Ա. հ. առանձնահատուկ տեղ էր գրավում Ռուսաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերում։ Բուրժուական աջ կուսակցությունները (օկտյաբրիստները, կադետները) առաջարկում էին գյուղացիներին փրկագնով լրացուցիչ հող տրամադրել՝ պահպանելով կալվածատիրական հողատիրությունը։ Մանրբուրժուական կուսակցությունների՝ էսեռների, տրուդովիկների և մյուսների ագրարային ծրագրերն այս կամ այն չափով արտացոլում էին կալվածատիրական հողատիրության դեմ գյուղացիության պայքարը։ Մենշևիկները պաշտպանում էին հողի «մունիցիպալիզացիայի» ծրագիրը՝ կալվածատիրական հողի անցումը ինքնավարության տեղական մարմիններին (մունիցիպալիտետներին)։ Միայն բոլշևիկների ագրարային ծրագիրն էր նախատեսում Ա. հ֊ի հետևողական հեղափոխական լուծում։ Սովետների Համառուսաստանյան II համագումարում՝ 1917-ի հոկտ. 26-ին (նոյեմբ. 8-ին), Հողի մասին դեկրետով և 1918-ի փետր. 9-ի Հողի սոցիալիզացիայի մասին օրենքով բոլոր հողերն անցան պետությանը և դարձան համաժողովրդական պետական սեփականություն։ Գյուղացիությունն ստացավ ավելի քան 150 մլն. դեսյատին հող, լիովին ազատվեց վարձավճարից, նոր հողեր գնելու ծախսերից, գնված հողերի համար վճարվող պարտքերից (տարեկան 700 մլն. ռուբլի ոսկով)։ Հոկտեմբերյան հեղափոխությունը բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրներն ավարտելու հետ մեկտեղ սկզբնավորեց սոցիալիստական վերափոխումները գյուղատնտեսության մեջ։ 1917–18-ին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների հիմնադրումը, բայց սովետական իշխանության առաջին տասնամյակում դրանք ընդգրկում էին գյուղացիության չնչին մասը։ Երկրի սոցիալիստական ինդուստրացումը, Վ. Ի. Լենինի Կոոպերատիվ պլանի իրագործումը պայմաններ ստեղծեցին համատարած կոլեկտիվացման համար։ Կոլտնտեսային կարգի հաղթանակով ՍՍՀՄ-ում վերջնականապես լուծվեց Ա. հ.։
Ա. հ. Անդրկովկասում և Հայաստանում։ Ռուսական տիրապետությունից առաջ (XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին) Անդրկովկասի առանձին մասերում ստեղծվել էին հողօգտագործման զանազան ձևեր։ Արևելյան Հայաստանում հողային սեփականության հիմնական ձևերն էին՝ պետական, պետական֊մյուլքադարական և մյուլքադարական (տես Մյուլք), թիուլային (տես Թիուլ), եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող կամ վակուֆային (տես Վակուֆ) հողերը։ Հողատիրության այս ձևերը որոշ փոփոխությաններով պահպանվեցին մինչև XX դ. սկիզբը։ Պետական, մյուլքադարական, թիուլային և վանքապատկան հողերն օգտագործում էին գյուղական և քոչվորական համայնքները, իսկ պետական հողերը՝ գյուղացիները, որի համար պետական գանձարանին վճարում էին բերքի մի մասը և կատարում զանազան պարտույթներ։ Անդրկովկասը Ռուսաստանին միացնելուց հետո պահպանվեցին մյուլքադարների և թիուլային հողատերերի սեփականատիրական իրավունքները, իսկ այն հողերը, որոնք մինչ այդ պատկանում էին պարսկ. պետությանը, անցան ռուս․ պետությանը։ 1846-ի դեկտ. 6-ի հրովարտակով հաստատվեց խաների, բեկերի և հայ մելիքների ժառանգական իրավունքը «այն բոլոր հողերի նկատմամբ, որոնց տիրել են նրանց նախնիները»։ Աղալարներին նվիրվեցին նախկինում նրանց օգտագործման ներքո եղած, բայց 1841-ին պետականացված հողերը։ Դեռևս 1836-ին Նիկոլայ I հաստատել էր «Հայ֊լուսավորչական եկեղեցիների կառավարման կանոնադրությունը», որով հայ եկեղեցու հողի սեփականության իրավունքը ճանաչվել էր օրենսդրական կարգով։
Հայաստանում և Ադրբեջանում ճորտատիրություն չկար, և մասնատիրական հողերի տեսակարար կշիռը մեծ չէր։ Արևելյան Հայաստանին հատուկ էր մանր կալվածքային հողատիրությունը։ Այստեղ գյուղացիական բնակչությունը բաժանվում էր երկու հիմնական խմբի՝ պետական հողերում բնակվող գյուղացիների և տիրունի կամ մասնատիրական հողերում բնակվող գյուղացիների կամ շինականների։ Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին Երևանի նահանգի բնակչության 70%-ը պետական գյուղացիներ էին, իսկ 30%-ը՝ շինականներ. 1894-ին պետական գյուղացիությունը կազմում էր՝ Բաքվի նահանգում 74,6%, Երևանի նահանգում՝ 63,8%։
Այլ պատկեր էր Վրաստանում, որտեղ իշխում էին ճորտատիրական կարգերը։ Ցարական կառավարությունը հենց սկզբից ճանաչեց վրաց ազնվականության իրավունքները և հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին։ Ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանում անհամեմատ փոքր թիվ էին կազմում պետական գյուղացիները (1894-ին Թիֆլիսի նահանգում՝ 44,4%, Քութայիսի նահանգում՝ 19,4%)։ Անդրկովկասի կալվածատերերի իրավունքները ի հաշիվ գյուղացիության հատկապես ընդլայնվեցին Մ. Վորոնցովի փոխարքայության օրոք։ Պետական գյուղացիները, ձևականորեն ազատ լինելով, այնուամենայնիվ հարկադրված էին կրել պետական պարհակների, հարկերի ու տուրքերի ծանր բեռը, տառապում էին հողի և ջրի սակավությունից։ Նրանց վիճակն ավելի վատթարացավ 1840-ական թթ. սկսած, երբ ցարական կառավարությունը զանգվածաբար խլում էր նրանց հողերը և տալիս Ռուսաստանից Անդրկովկաս աքսորված ռուս աղանդավորներին։
1861-ի ագրարային ռեֆորմն իր արտահայտությունը գտավ նաև Անդրկովկասում։ 1864-ին ճորտությունից ազատագրվեցին Թիֆլիսի, 1865-ին՝ Քութայիսի նահանգների գյուղացիները։ 1870-ի, 1877-ի և 1883-ի օրենքներով արևելյան և հարավային Անդրկովկասի գյուղացիության ճորտային հարաբերությունները փոխարինվեցին այսպես կոչված ժամանակավոր կախյալ հարաբերություններով, որոնք, սակայն, պահպանվեցին մինչև 1912-ի դեկտ. 20-ը, երբ գյուղացիներին պարտադրվեց փրկագնման օրենքը, իսկ ժամանակավոր կախյալ հարաբերությունները փոխարինվեցին ժամանակավոր֊պարտավորյալ հարաբերություններով։
1912-ի դեկտ. 20-ի օրենքով Անդրկովկասի տիրունի հողերում բնակվող գյուղացիության ու շինականների հաշվին կառավարության օժանդակությամբ պետք է բաժնեհողերի պարտադիր փրկագնում կատարվեր։ Այդ նույն օրենքով 1913-ի հունվ. 1-ից վերացվում էին թիալային պարտույթների վճարումները։ Այդ օրենքը 1906-ի նոյեմբ. 9-ի ստոլիպինյան ռեֆորմի վատթարագույն տարբերակն էր, որի նպատակն էր ցարիզմի և բուրժուականացած ազնվականության համար ստեղծել վստահելի նեցուկ գյուղում՝ հանձին ունևոր գյուղացիության։ Առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը խանգարեց Հայաստանում այդ օրենքի իրականացմանը։ Մինչև 1917-ի փետրվարը Երևանի նահանգում փրկագնվել էր մասնատիրական հողերի միայն 4–5%-ը։
Փետրվարյան հեղափոխության հետևանքով Անդրկովկասում ուժեղացան գյուղացիական շարժումները։ 1917-ի մարտի 28-ին Անդրկովկասյան հատուկ կոմիտեն ստեղծեց Հողային գործերի երկրային ժամանակավոր հանձնաժողով՝ նրա վրա դնելով «Ճորտատիրական իրավունքը վերացնելու» նախապատրաստման միջոցառումների մշակումը։ Ապրիլի 23-ի օրենքով Անդրկովկասյան հատուկ կոմիտեն արգելեց ագրարային ելույթները և կալվածատիրական հողերի բռնագրավումները, հողային հարցի լուծումը հետաձգվեց «մինչև Սահմանադիր ժողովի գումարումը»։ Նույն դիրքը գրավեց նաև Անդրկովկասի գյուղացիական համագումարը, որ բացվեց Թիֆլիսում, 1917-ի հունիսի 19-ին։ Համագումարում մեծամասնության՝ մենշևիկների ու մուսավաթականների ձայներով ընդունվեց «հողի մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը։ Ա. հ֊ի լուծումը ձգձգելու քաղաքականությունն ուժեղացրեց գյուղացիության դժգոհությունները, ծավալվեցին գյուղացիական ելույթները, որոնք ընդգրկեցին նաև Հայաստանի գավառները։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասյան սեյմը շարունակեցին Ա. հ֊ում խուսանավելու քաղաքականությունը։ 1917-ի դեկտ. 16-ին ընդունվեց արքունական, ուդելային, եկեղեցական, վանքապատկան, իրավական անձերի և խոշոր մասնատիրական հողերը հողային կոմիտեներին հանձնելու մասին կանոնադրությունը։ Ս. Շահումյանը գրել է. «Այդ օրենքով կալվածատիրական հողատիրություն այս կամ այն պատրվակով այնուամենայնիվ պահպանվում է, իսկ մնացյալ հողերը հանձնվում են ոչ թե գյուղացիական կոմիտեներին, այլ ինչ֊որ վերևից նշանակված՝ հողային կոմիտեների տնօրինությանը։ Դուրս է գալիս, որ հողային, այսինքն գյուղացիական հարցի լուծումը կատարում են …ճորտատերերն ու ստրկատերերը» (Շահումյան Ս., Երկ., հ. 3, 1958, էջ 74)։ 1918-ի մարտի 7-ին, ի լրումն «Կանոնադրության», Անդրկովկասյան սեյմն ընդունեց «Հողատերերին մնացյալ հողի չափը որոշելու և հողային ռեֆորմն իրականացնելու միջոցառումների մասին» օրենքը, որով հողի մասնավոր սեփականությունն, այնուամենայնիվ, չէր վերացվում։ Անդրկովկասյան կոմիսարիատի և Անդրկովկասյան սեյմի բոլոր նման որոշումները մնացին թղթի վրա։
Սեյմի անկումից հետո Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարությունը ժառանգեց ժամանակավոր կառավարության ագրարային քաղաքականությունը։ Դեռևս II Պետական դումայում, 1907-ի փետրվար֊հունիսին, դաշնակցական պատգամավորները (Երևանից՝ Հովհաննես Սաղաթելյանն ու Սիրական Տիգրանյանը և Գանձակից՝ Ստեփան Տեր֊Ավետիքյանը) Ա. հ֊ում հարում էին էսեռներին։ Սաղաթելյանը Դումայի էսեռական ֆրակցիայի հողային հանձնաժողովում մասնակցեց հողի հիմնական օրենքի նախագծի մշակմանը, որը էսեռների և դաշնակցականների միացյալ խմբի կողմից ներկայացվեց Դումային։ Նախագիծն առաջարկում էր ռուսական պետության սահմաններում ընդմիշտ վերացնել հողի ամեն տեսակ սեփականություն և ամբողջ հողը հայտարարել համայնական սեփականություն։ Էսեռների հետ միասին նրանք հանդես էին գալիս հանուն հողի «սոցիալիզացիայի»։ Սակայն, իշխանության գլուխ անցնելով, դաշնակցությունը պահպանեց մասնավոր հողատիրությունը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի 600 հզ. հա վարելահողերի կեսը պատկանում էր կալվածատերերին, կուլակներին, եկեղեցուն, նույնքան էլ բաժին էր ընկնում գյուղացիական բոլոր տնտեսությունների 95 % կազմող չքավոր և միջակ տնտեսություններին։ 140 հզ. հա խոտհարքից 100 հզ. հա պատկանում էր կալվածատերերին և պետությանը։ Ա. հ. Անդրկովկասում իր լուծումը գտավ միայն սովետական կարգերի շնորհիվ։
Արևմտյան Հայաստանում (մինչև 1877–1878-ի ռուս֊թուրքական պատերազմը նաև Կարսի մարզում) հողային հարաբերությունները կարգավորվում էին Թուրքիայում գործող պետական օրենքներով։ Մահմեդական Արևելքում, ինչպես նշել է Կ. Մարքսը, պետությունը գերագույն հողատերն էր, «ոչ մի մասնավոր հողային սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում և օգտագործում» (Մարքս Կ., Կապիտալ, 1949, էջ 329)։ Արևմտյան Հայաստանում ֆեոդալների դասակարգը հիմնականում կազմված էր մահմեդականներից։ Հայ ֆեոդալները գերակշիռ մաս էին կազմում Սասունում, Մուշում, Հաճընի շրջանում, Զեյթունում։ Արևմտահայության հիմնական զանգվածը իրավականորեն ազատ գյուղացիությունն էր, որի փոքր մասն ուներ սեփական հողակտորներ, մյուս մասը մշակում էր պետական և վակուֆային հողերը։
Թուրքահպատակ երկրամասերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում ճորտությունն իրավաբանորեն ձևակերպված չէր։ Սակայն հարավային քրդաբնակ գավառներում՝ Վանի, Դիարբեքիրի էյլաթներում և մասամբ թուրքապատկան շրջաններում հայ գյուղացիությունը գտնվում էր կիսաճորտական, կախյալ վիճակում։
Թանզիմաթի շրջանում սուլթան Աբդուլ Մեջիդի 1858-ի օրենքով Թուրքիայում սահմանվեցին հողային սեփականության հետևյալ հիմնական ձևերը. 1. պետական միրիե, 2. մասնատիրական (մյուլք), 3. հոգևոր (վակուֆ), 4. մեթրուքե (համայնական), 5. չօգտագործվող (մեվադ) հողատարածություններ։ Արևմտյան Հայաստանում տիրապետող էին պետական և վակուֆային հողերը։ 1867-ի օրենքով հողատերերին թույլատրվեց հինգ տարվա ընթացքում պետությունից գնել օգտագործվող հողերը՝ ստանալով կալվածագիր։
1858-ի օրենքը ուժի մեջ մտնելուց հետո էլ հողատերերի հիմնական դասը, ինչպես նախաթանզիմաթյան շրջանում, մահմեդական վերնախավն էր, մզկիթները, հոգևորականությունը։ Ավելացավ նաև հայ խոշոր հողատերերի թիվը, հատկապես Մշո դաշտում, Կարինի, Խարբերդի, Բաղեշի, Սեբաստիայի շրջաններում։ XIX դ. 2-րդ կեսին կալվածքներ ունեին 200-ից ավելի արևմտահայ վանքերը, որոնցից 9-ը համարվում էին խոշոր հողատերեր։
Արևմտահայ գյուղացիների զգալի մասը հողը վարձակալում էր քաղաքներում ապրող մահմեդական ու հայ հողատերերից, մյուս մասը այն օգտագործում էր կիսրարության սկզբունքով։ Կիսրարությունն աստիճանաբար ընդարձակվելով վերածվեց մարաբայության (տես Մարաբա)։ Թուրքիայում ազգային ճնշումն իր արտահայտությունն էր գտնում նաև ագրարային հարաբերություններում։ Արտակարգ ծանր էր հարկային լուծը։ Գլխավոր եկամտային հարկը աշարն էր, որը իրականում կազմում էր բերքի մինչև 1/3 մասը, թեև օրենքով չպետք է անցներ 1/10-ից։ Աշարից բացի գյուղացիները վճարում էին ֆեոդալական ռենտա՝ խարաջ, գլխահարկ կամ ջիզիե, կալվածատիրական հարկ (տների, խանութների, ջրաղացների, տնամերձ հողերի և շենքերի համար), արոտների հարկ, ճանապարհների հարկ (20–50 տարեկան տղամարդիկ իրենց սայլերով ու գործիքներով տարեկան 4–5 օր պարտավոր էին աշխատել ճանապարհների վրա կամ 13 ղուռուշ վճարել), զինվորական հարկ, որը գանձում էին հայ տղամարդկանցից զինվորական ծառայության փոխարեն, քանի որ քրիստոնյաներն իրավունք չունեին զենք կրելու։ Կային նաև ամուսնության, կրթական, բանջարանոցների, խոտհարքի, յայլաղների և այլ հարկեր։
Այդ ամենով հանդերձ ոչ միայն հայ աշխատավոր գյուղացիության, այլև հողատերերի ունեցվածքն ու իրավունքների ապահովությունը ոչնչով երաշխավորված չէր։ Հալածանքները, պարբերաբար կազմակերպված կոտորածները, կողոպուտը քայքայում էին արևմտահայությանը, ուժեղացնում արտագաղթը և պանդխտությունը։ Մեծ եղեռնի ժամանակ արևմտահայությունը, ենթարկվելով զանգվածային կոտորածի ու տեղահանության, վերջնականապես զրկվեց ունեցվածքից ու հողային սեփականությունից։
Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլխ. 24, հ. 3, Ե., 1949, գլխ. 37–47; Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3։ Նույնի, Կապիտալիզմը գյուղատնտեսության մեջ, Երկ., հ. 4։ Նույնի, Ագրարային հարցը և «Մարքսի քննադատները», Երկ., հ. 5, հ. 13։ Նույնի, Սոցիալ֊դեմոկրատիայի ագրարային ծրագիրը 1905–1907 թվականների ռուսական առաջին հեղափոխության մեջ, Երկ., հ. 13։ Նույնի, Ագրարային հարցը Ռուսաստանում XIX դարի վերջին, Երկ., հ. 15։ Նույնի, Սովետական իշխանության հերթական խնդիրները, Երկ., հ. 27։ Ռշտունի Վ., Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության. 1828–1917 թթ., մաս 1–2, Ե., 1960–68։ Ամբարյան Ա., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856–1914), Ե., 1965։ Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ֊տնտեսական և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967։ Есаян А., Мулькадарское право в Армении, Е., 1948։ Аграрная политика царизма и крестьянское движение в Армении в начале XX века [сб. архивных документов], Е., 1951; Адонц М. А., Экономическое развитие Восточой Армении в XIX веке, Е., 1957; Трапезников С. П. Аграрный вопрос и ленинские аграрные программы в трех русских революциях, М., 1963; Папазян А., Аграрные отношения в Восточной Армении в XVI–XVII веках, Е., 1972.
