Jump to content

ՀՍՀ/ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՌԵՖՈՐՄՆԵՐ, տիրապետող քաղաքական իշխանության ձեռնարկումներ. նպատակն է փոփոխել ագրարային հարաբերությունները։ Ա. ռ֊ի սոցիալական բնույթը որոշվում է արտադրաեղանակով։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լեհաստանում, Հունգարիայում, Ռումինիայում և մի շարք այլ երկրներում կատարված ռեֆորմները հիմնական գծերով հիշեցնում էին ստոլիպինյան ռեֆորմը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ժողովրդա֊դեմոկրատական երկրներում Ա. ռ. վերացրին կալվածատիրական հողատիրությունը և հիմք ստեղծեցին գյուղատնտեսության սոցիալիստական վերափոխության համար։ Այդտեղ հողը (բացի ՄժՀ֊ից) ազգայնացվեց մասամբ (տես Ազգայնացում)։ Աշխատավոր գյուղացիությանը տրվեցին կալվածատերերից ու կուլակային խոշոր տնտեսություններից բռնագրավված հողերը։ Հետագայում պետական֊հողատիրական տնտեսությունների և գյուղացիական արտադրական կոոպերացիայի հիման վրա գյուղում առաջ եկան սոցիալիստական արտադրական հարաբերություններ։

Ետպատերազմյան տարիներին Ա. ռ. մի շարք կապիտալիստական երկրներում (Ճապոնիայում՝ 1946–49-ին, Իտալիայում՝ 1950) ուղի հարթեցին գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի ավելի արագ զարգացման համար։ Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը ազգային էկոնոմիկայի կարևորագույն ճյուղն է, Ա. ռ. սերտորեն միահյուսվում են իմպերիալիզմի, նեոգաղութակալության դեմ մղվող պայքարին։ Ա. ռ. որպես համադեմոկրատական վերափոխումների կենտրոնական խնդիր, ըստ էության, որոշում են բնակչության հիմնական զանգվածների դիրքորոշումը ազգային֊ազատագրական հեղափոխության մեջ։ Գաղութակալությունից ազատագրված շատ երկրներում իշխանության գլուխ կանգնած ազգային բուրժուազիան, գյուղացիական շարժման ճնշման ներքո, ձեռնամուխ է եղել Ա. ռ֊ին։ Սակայն ռեֆորմը ոչ մի երկրում դեռ չի ավարտվել։ Առաջացել է բարդ, անցման տիպի բազմաձև տնտեսություն, որտեղ հիմնականը մանրապրանքային տնտեսությունն է, իսկ առաջատարը՝ կապիտալիստականը։ Նման պայմաններում գյուղական բուրժուազիան հավաքագրվում է և՛ ֆեոդալական֊կալվածատիրական միջավայրից, և՛ գյուղացիական վերնախավից։ Գյուղի ինքնագործ բնակչության հիմնական մասը կիսապրոլետարները և պրոլետարներն են։ Թեև ֆեոդալական հարաբերություններն այլևս տիրապետող չեն, հողագործական կապիտալիզմը դեռևս գտնվում է նախնական կուտակման փուլում, գյուղատնտեսության մեջ արդյունաբերական հեղաշրջումը միայն սկսվում է։ Այսպիսով Ա. ռ֊ի թափը զարգացող երկրներում պայմանավորված է ազգային֊ազատագրական հեղափոխության ընթացքով։ Այնտեղ, ուր Ա. ռ. չեն անցկացվել, իսկ նախակապիտալիստական հարաբերությունները դեռ մնում են որպես գյուղատնտեսության մեջ որոշիչ տնտեսաձև, պայքարը ծավալվում է կամ ողջ գյուղացիության հակաֆեոդալական միասնության լոզունգով (Աֆղանստան, Սաուդյան Արաբիա, Լիբիա, Հորդանան, Նեպալ, Եթովպիա, Լատինական Ամերիկայի առանձին շրջաններ), կամ էլ նահապետական գյուղական համայնքից կոոպերացիայի զանազան ձևերով (շրջանցելով կապիտալիզմը) ոչ կապիտալիստական զարգացման ուղուն անցնելու լոզունգով (Արևադարձային Աֆրիկայի շրջանները)։

Գրկ. Սովետական Միության կոմունիստական պարտիայի ծրագիրը, ընդունված ՍՄԿԿ XXII համագումարի կողմից, Ե., 1961։ ՍՄԿԿ XXIII համագումարի նյութերը, Ե., 1967։ Аграрные реформы в развивающихся странах и странах высокоразвитого капитализма, М., 1965; Основные законодательные акты по аграрным преобразованиям в зарубежных социалистических странах, в. 1—5, М., 1957–60; Социально-экономические последствия аграрных реформ и социальная структура деревни в раявивающихся странах Азии и Северной Африки, М., 1966. Մ. Ադոնց