ՀՍՀ/ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պետական, քաղաքական և վարչական կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների համակարգ՝ գոյություն ունեցող ագրարային հարաբերությունները պահպանելու կամ մասնակիորեն փոփոխելու նպատակով։ Շահագործողական հասարակարգերում իշխանությունները վարել են գյուղացիության կեղեքումը սաստկացնելու քաղաքականություն: XIX դ. երկրորդ կեսին ցարական Ռուսաստանում ճորտատիրության վերացումը դարձել էր տնտեսական անհրաժեշտություն՝ կապված կապիտալիզմի զարգացման հետ։ 1861-ի փետր. 19-ի օրենքով ցարիզմը փաստորեն ընդառաջում էր այդ օբյեկտիվ անհրաժեշտությանը և պայմաններ ստեղծում կապիտալիզմի զարգացման համար (տես Գյուղացիական ռեֆորմ 1861)։ Սակայն այդ օրենքը ըստ էության հակագյուղացիական էր, այն համապատասխանում էր կալվածատերերի շահերին և որոշ պայմաններ ստեղծում կապիտալիզմի զարգացման համար։ Ցարիզմի վարած Ա. ք-յան շնորհիվ Ռուսաստանում, բացառությամբ որոշ շրջանների, կապիտալիզմը զարգանում էր պրուսական ուղիով։ Նոր տնտեսաձևին անցնելու տևական այս պրոցեսը ուղեկցվում էր գյուղացիության պայքարով՝ ընդդեմ հողազրկման, հանուն ճորտատիրական մնացուկների վերացման։
XX դ. սկզբին Ռուսաստանում գործող քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրն առաջ էր քաշում իր ագրարային ծրագիրը։ Կադետները պաշտպանում էին ցարական կառավարության Ա. ք., էսեռները պահանջում էին կալվածատիրական հողատիրության փոխարինում գյուղացիական հողատիրությամբ, մենշևիկները՝ հողի մունիցիպալացում։ Բոլշևիկների կուսակցությունը հետևողականորեն պաշտպանում էր հողի ազգայնացման ծրագիրը։
Սովետական իշխանությունը, հողի ազգայնացումից հետո ամրապնդելով բանվորների և գյուղացիների դաշինքը, վարում էր կուլակային տնտեսությունը սահմանափակելու քաղաքականություն, որը համատարած կոլեկտիվացման ժամանակ վերածվեց կուլակությունը որպես դասակարգ վերացնելու քաղաքականության։
