Jump to content

ՀՍՀ/ԱԳՐԻԿՈԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԳՐԻԿՈԼԱ (Agricola – հողագործ, իսկական՝ Բաուեր — Bauer ազգանվան լատ. թարգմ.) Գեորգ (1494–1555), գերմանացի գիտնական, միներալոգ և մետալուրգ, կրթությամբ՝ բժիշկ։ Ծնվել է մարտի 24-ին։ Հայտնի է որպես «հանքաբանության հայր»։ 1533-ին Յախիմովից (Չեխիա) տեղափոխվում է Խեմնից (Սաքսոնիա), թողնում բժշկությունը (1534) և զբաղվում հանքաբանությամբ։ Ա. առաջինը տվեց օգտակար հանածոների, նրանց մշակման և մետալուրգիայի սիստեմատիկ նկարագրությունը։ Նկարագրել է 20 նոր միներալ։ Նրա «De re metallica» (1550, հրտ. 1556) աշխատությունը երկու դար ծառայել է որպես լեռնային գործի տեխնիկայի և մետալուրգիայի հիմնական ձեռնարկ։