ՀՍՀ/ԱԳՐՈՔԻՄԻԱ
ԱԳՐՈՔԻՄԻԱ, ագրոնոմիական քիմիա, կենսաբանական ու քիմիական գիտությունների և արդյունաբերության տեխնոլոգիայի հարակցման հանգույցում զարգացող գիտություն․ ուսումնասիրում է բույսերի սննդառությունը և արտաքին միջավայրի հետ նրանց փոխազդեցությունների քիմիզմը՝ բուսական օրգանիզմի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։ Ա֊ի հիմնական խնդիրն է բույսերի սննդառության ղեկավարման գիտական հիմունքների մշակմամբ բնական, դաշտային կամ արհեստական֊արդյունաբերական պայմաններում առավել քանակությամբ և անհրաժեշտ որակի բուսական նյութ ստանալը։ Ա֊ի զարգացմամբ այժմ ձևավորվում են նրա ընդհանուր և մասնավոր կամ բնագավառային բաժինները։ Ընդհանուր Ա. ուսումնասիրում է բնության մեջ կարևորագույն սննդատարրերի շրջանառությունը, մշակում բույսի, հողի կամ արհեստական սննդամիջավայրում տեղի ունեցող քիմիական պրոցեսների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են բարձրացնել բույսերի բերքատվությունը և որակը։ Բնագավառային կամ մասնավոր Ա֊ի հիմնական խնդիրը գյուղատնտեսական տարբեր բույսերի պարարտացումն է, որը սննդատարրերի շրջանառությունը բարելավող հզոր միջոցներից է։ Քիմիական արդյունաբերության զարգացմամբ նորանոր պարարտանյութերի, բույսերի պաշտպանության կամ նրանց աճը խթանող, մոլախոտերը ոչնչացնող, հողի որակը բարձրացնող բազմազան նյութերի արտադրությանը զուգընթաց ընդլայնվում են ագրոքիմիական հետազոտությունների խնդիրները։
Ա. այդ խնդիրները լուծելիս օգտագործում է բույսերի ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, քիմիական և ֆիզիկա֊մաթեմատիկական գիտությունների նորագույն նվաճումները։ Ա֊ի ծագումն ու զարգացումը կապված է Ժ. Բուսենգոյի, Յու. Լիբիխի, Ջ. Լոոզի, Ջ. Ջիլբերտի, Հ. Հելռիգելի, Դ. Մենդելեևի, Կ. Տիմիրյազևի, Դ. Պրյանիշնիկովի, Կ. Գեդրոյցի, Է. Ռասելի անունների հետ։ Հայաստանում Ա. որպես ինքնուրույն գիտություն զարգացել է Պ. Քալանթարյանի և նրա աշակերտների (Գ. Դավթյան, Ե. Մովսիսյան, Գ. Ասլանյան, Ա. Հարությունյան, Հ. Փանոսյան, Ս. Արևշատյան) ջանքերով՝ սովետական կարգերի օրոք։
Տես նաև Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ։
Գրկ. Դավթյան Գ. Ս. և Բաբայան Գ. Բ., Հայկական ՍՍՀ հողածածկի ագրոքիմիական բնութագիրը, Ե., 1966։ Прянишников Д. Н., Избр. соч. т. 1–4, М., 1951–55; Давтян Г. С., Советская агрохимия и некоторые ее задачи, «Вопросы философии», 1955, № 1; Его же, Растениеводство без почвы, «Наука и человечество», Международный ежегодник, т. 4, М., 1965; Мовсисян Е. М., Агрохимические исследования карбонатных почв Араратской равнины, Е., 1959
