ՀՍՀ/ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ԱԴԱՄՅԱՆ Կարապետ (Շառլ) Մկրտչի (1872–1947), հայ նկարիչ։ Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում (1887–93), միաժամանակ հետևել նկարչության դասնթացների։ Ստեղծագործել է Կ. Պոլսում, բացել իր անդրանիկ ցուցահանդեսը։ 1897-ից հաստատվել է Փարիզում, զբաղվել գրքի գեղարվեստական ձևավորմամբ. պատկերազարդել է շուրջ 150 գիրք (Ա. Ֆրանսի, Մոպասանի և այլոց երկերը), նկարել պլակատներ, հայկական և ֆրանսիական պարբերականներում հրապարակել հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական գործեր, Փարիզի թատրոններում ձևավորել ներկայացումներ։ Ռեալիստ նկարիչը միջազգային ճանաչման է արժանացել բնանկարներով («Խճաքարերի վրա», «Ծովափի տեսարան», «Հովը», «Թաց ավազի վրա», «Մակընթացություն», «Դեմառդեմ օվկիանոսին» ևն)։ Պատկերել է գրեթե բացառապես ծովափը՝ պարզ երկնքի տակ, ծովի խաղաղ պահերին, գունային մեղմ ու հստակ լուծումով։ Ա. մարդուն նկարել է ծովափին՝ ուժգնորեն լուսավոր, տաք ու հնչեղ գույներով։ Լույսի և գունաշարի ներդաշնակման այդ համակարգը, որ արտաքուստ հեռավոր աղերս ունի Ա. Ցոռնի սերնդի իմպրեսիոնիստների գեղանկարչական սկզբունքների հետ, միանգամայն ինքնուրույն երևույթ է՝ ճանաչված որպես Ա-ի մենաշնորհը։ Ունի քաղաքի կենցաղը պատկերող գործեր («Ձկնավաճառների շուկան» ևն) և դիմանկարներ։ Հատկապես հայտնի են հեղինակի մոր ու թոռնիկի դիմանկարները։ Ա. Փարիզի գեղարվեստների ազգային ընկերության անդամ էր (1927-ից), որի ցուցահանդեսներին մասնակցել է դեռևս 1903-ից։ Նրա գործերը ցուցադրվել են Եվրոպայի և Ամերիկայի տարբեր քաղաքներում։ Ա. սփյուռքահայ հասարակական մշակութային ակտիվ գործիչ էր, ֆրանսահայ նկարիչների «Անի» ընկերության հիմնադիրներից։ Հայաստանի պետական պատկերասրահում են գտնվում Ա-ի «Ծովափին», «Լողափին» և «Ռ. Շիշմանյանի դիմանկարը» կտավները։ Մահացել է հուլիսի 30-ին, Փարիզում։ Գրկ. Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։ Avédissian O., Peintres et sculptures Arméniens, Le Caire 1959.
