ՀՍՀ/ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾ 1909
ԱԴԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾ 1909 (ապրիլի 1—4 և 12–14), Ադանայի և Հալեպի վիլայեթների հայերի զանգվածային ջարդը, որ կազմակերպեցին թուրքական իշխանությունները։ Սուլթան Աբդուլ Համիդ II տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն որոշ աշխուժություն առաջ բերին ազգային֊քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որ ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թթ. ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրք․ հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթը» (նկատի ունեին սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։ 1909-ի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգական խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառները։ Կոտորածի նախօրյակին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին մահմեդական բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը, սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի՝ քաղաքում երևալն առիթ տվեց վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։ Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արմ. ու հս. մի շարք հայաբնակ շրջաններում։ Ա. կ֊ին զոհ գնաց շուրջ 30 հզ. մարդ, որից ավելի քան 20 հազարը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ֊Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ֊Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը, փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին։ Սակայն դա ձևական բնույթ էր կրում, կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայերի բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։
Գրկ. Թերզյան Հ., Կիլիկիո աղետը, ԿՊ, 1912։ Աշճյան Հ., Ատանայի եղեռնը և Գոնիայն հուշեր, Նյու Յորք, 1950։
