ՀՍՀ/ԱԴԱՆԱՅԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱԴԱՆԱՅԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ադանահայերին միավորող բարեգործական և կրթասիրական կազմակերպություններ։ Ադանահայերի առաջին հայրենակցական միությունը՝ «Ադանայի կրթասիրաց ընկերություն»֊ը, հիմնադրվել է 1905-ի վերջին, ԱՄՆ֊ի Ուոթերթաուն քաղաքում։ Նպատակն էր՝ աջակցել Ադանայի կրթական գործին, այնտեղ բացել հայկական քոլեջ։ 1913-ի հուլիսի 10-ին ընկերությունը վերակազմվել է «Ադանայի հայ ուսումնասիրաց միության»։ 1921–22-ին, Կիլիկիայից հայերի հեռանալուց հետո, միությունը միջոցներ է ձեռնարկել օգնելու Սիրիայում, Կիպրոսում, Լիբանանում և Հունաստանում ապաստանած ադանացի գաղթականներին։ 1926-ի նոյեմբերին ԱՄՆ֊ի բողոքական ադանացիները, որ առանձին էին գործում, միացան «Ուսումնասիրացին»։ 1934-ին Տարսոնի Ս. Պողոս քոլեջի նախկին շրջանավարտները Հալեպում հիմնեցին իրենց միությունը։ 1937-ի մայիսի 15-ին Բեյրութում կազմվեց «Ադանայի հայրենակցական վերաշինաց միություն»֊ը, որը խնդիր էր դրել օգնել Խորհրդային Հայաստանում հիմնադրելու Նոր Ադանա ավանը։ 1944-ին կազմակերպվեցին «Ադանա, Մերսին, Տարսոն քաղաքների հայրենակցական միություն»֊ը և «Ադանայի հայ ուսումնասիրաց միության» մասնաճյուղը։ Բեյրութում գործող այս երեք միությունները 1945-ի մայիսի 25-ին միացան և կազմեցին «Ադանայի հայրենակցական միություն»֊ը՝ նպատակ ունենալով օժանդակել հայրենակից ադանացիների նյութական, կրթական֊բարոյական և մշակութային վերելքին, սատարել ազգային հայրենասիրական ձեռնարկումներին։ Ա. հ. մ. կան ԱՄՆ֊ում, Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում, Սիրիայում։ 1960-ին Լիբանանում ստեղծվեց «Նոր Ադանայի եկեղեցասեր տիկնանց միությունը», որը սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ։
