ՀՍՀ/ԱԴԵԼՅԱՆ (ԴԱՆԻԵԼՅԱՆ) ԱԶԱՐԻԱ
ԱԴԵԼՅԱՆ (Դանիելյան) Ազարիա Մարտիրոսի (1871–1903), հայ գրող, գյուղագիր։ Ծնվել է հունիսի 17-ին, Մեղրիում։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում, ավարտել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը (1901)։ Ուսանողական տարիներին մտերմացել է Ս. Շահումյանի հետ, ընդգրկվել «Թեորետիկ» մարքսիստական խմբակում։ Ա֊ի պատմվածքներում («Ներհակ Առաքելը», «Նրա ցավը», «Հիվանդոտ խիղճը», «Երկու կրակի մեջ») և վիպակներում («Տգիտության զոհեր», «Սկեսուր») պատկերված են XIX դարի 70–90-ական թթ. հայ գյուղի սոցիալական ներհակությունները։ Նարոդնիկական գաղափարների ազդեցությամբ Ա. տարվել է մտավորականության գյուղափրկչական֊լուսավորական ծրագրերով, բայց որպես ռեալիստ հանգել է այդ ճանապարհով գյուղը վերափոխելու անհնարինությանը։ Ա. գյուղական սպառողական առաջին կոոպերատիվի կազմակերպիչներից է Հայաստանում (Մեղրի, 1901)։ Մահացել է նոյեմբ. 9-ին, Նախիջևանում։
Երկ. Երկ. ժող., Ե., 1950։
Գրկ. Դանիելյան Ս., Ազարիա Ադելյան, Ե., 1964։
