ՀՍՀ/ԱԴԵԼՈՒՆԳ ՅՈՀԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԴԵԼՈՒՆԳ (Adelung) Յոհան Քրիստոֆ (1732–1806), գերմանացի լեզվաբան, քերական և բառարանագիր։ Ա֊ի «Գերմաներենի հանգամանալից դասագիրք» (1782) և «Վերին գերմանական բարբառի քերականական֊քննական լիակատար բառարանի փորձ» (հ. 1–5, 1774–86) աշխատությունները նպաստել են գրական գերմաներենի նորմավորմանը։ Ա֊ի և Յ. Ս. Ֆատերի «Միհրդատ կամ Ընդհանուր լեզվաբանություն, որին որպես լեզվական նմուշ կցված է «Հայր մերը» համարյա 500 լեզվով ու բարբառով» (հ. 1–4, 1806–17) աշխատությունը տեղեկություններ է պարունակում այն ժամանակ հայտնի գրեթե բոլոր լեզուների վերաբերյալ։ Չնայած բերված հայ֊լատինա֊պարսկական զուգահեռներին (մայր – mater, հայր – pater ևն), Ա. գտնում էր, որ «հայերենը առանձին, ոչ մի ծանոթ լեզվի հետ առնչոuթյուն չունեցող լեզու է»։
