ՀՍՀ/ԱԴԵՆՈԶԻՆՖՈՍՖՈՐԱԹԹՈՒՆԵՐ
ԱԴԵՆՈԶԻՆՖՈՍՖՈՐԱԹԹՈՒՆԵՐ, բարդ օրգանական միացություններ, նուկլեոտիդներ, ադենոզինի միա-, կրկնա- և եռֆոսֆորաթթուների եթերներ։ Բաղկացած են ադենինից, ռիբոզից և ֆոսֆորաթթվի մեկ, երկու կամ երեք մնացորդներից և համապատասխանաբար կոչվում են՝ ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ), ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ) և ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ)։ Պարունակում են բոլոր օրգանիզմները (մանրէներից մինչև մարդը)։

Բացառիկ նշանակություն ունեն նյութերի և էներգիայի փոխանակության պրոցեսների, ինչպես նաև օրգանիզմի կենսագործունեության համար, քանի որ ֆոսֆատային խմբերի միացումը ԱՄՖ֊ին ուղեկցվում է էներգիայի կուտակմամբ (ԱԿՖ, ԱԵՖ էներգիայով հարուստ միացություններ են), իսկ նրանց ճեղքումը՝ էներգիայի անջատմամբ։ Բջիջներում տեղի է ունենում ԱՄՖ֊ի, ԱԿՖ֊ի և ԱԵՖ֊ի փոխադարձ փոխարկում։
Ադենոզինմիաֆոսֆորաթթու (ԱՄՖ, ադենիլային թթու), սպիտակ, ասեղնաձև բյուրեղներ են։ Մոլ․ կշ. 347,23։ Նուկլեինաթթուների բաղկացուցիչ մասն է և մտնում է բազմաթիվ ֆերմենտների ակտիվ խմբի կազմության մեջ։
Ադենոզինկրկնաֆոսֆորաթթու (ԱԿՖ), ունի ֆոսֆորաթթվի 2 մնացորդ։ Մոլ. կշ. 427,22։ ԱԿՖ գտնվում է կենդանի օրգանիզմների բոլոր հյուսվածքներում։
Ադենոզինեռֆոսֆորաթթու (ԱԵՖ), մոլ. կշ.507,21։ Ադենոզինեռֆոսֆատազ ֆերմենտների ազդեցությամբ ԱԵՖ հեշտությամբ կորցնում է մեկ ֆոսֆատային խումբ, վերածվում ԱԿՖ֊ի։ Անջատվում է էներգիա, որն օգտագործվում է օրգանիզմի հյուսվածքներում որոշ միացությունների ակտիվացման և սինթեզման պրոցեսների ապահովման (օրինակ՝ մկանային կծկման) համար։ ԱԵՖ մասնակցում է ֆոսֆորիլացման պրոցեսներին՝ առաջացնելով նյութափոխանակության բնականոն ընթացքի համար անհրաժեշտ ֆոսֆորաթթվային մակրոէներգիկ (մեծ էներգիայով) և միջանկյալ միացությունների ԱԵՖ սինթեզվում է ԱԿՖ֊ից և ֆոսֆորական թթվից միտոքոնդրիաներում ու քլորոպլաստներում և ապահովում էներգիայի անհրաժեշտ քանակը բջջում։
