Jump to content

ՀՍՀ/ԱԴԼԵՐ ՎԻԿՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԴԼԵՐ (Adler) Վիկտոր (1852-1918), ավստրիական գործիչ, սոցիալ֊դեմոկրատիայի պարագլուխ։ Ծնվել է հուլիսի 24-ին։ 1905-ից պառլամենտի (ռայխսրատի) անդամ էր։ Քաղաքական գործունեությունն սկսել է պան֊գերմանական կազմակերպությունում։ 1883-ից հետաքրքրվել է բանվորական շարժման հարցերով և մոտեցել սոցիալ֊դեմոկրատիային։ Երկու անգամ հանդիպել է Ֆ. Էնգելսին (1883 և 1889), նամակագրական կապ է ունեցել նրա հետ (1889–95)։

Ավստրիական ս֊դ. կուսակցության Հայնֆելդի հիմնադիր համագումարում (31 դեկտ. 1888 — 1 հունվ. 1889) ընդունված ծրագրի գլխավոր հեղինակներից էր։ Մեծ աշխատանք է տարել ավստրիական ս֊դ. շարժման պառակտումը կանխելու և միասնական կուսակցություն ստեղծելու համար։ Կուսակցության քաղաքականության մի շարք կարևոր հարցերում, մասնավորապես ազգային հարցում, տուրք է տվել օպորտունիստական հայացքների։ 1914–18-ի իմպերիալիստական պատերազմի ժամանակ հարել է սկզբում գերմանական սոցիալ֊շովինիստների դիրքավորմանը մոտ տեսակետի, ապա՝ ցենտրիզմին և կաուցկիական դիրքերից քննադատել նրանց։ Սակայն Ա֊ի քննադատության գլխավոր օբյեկտը եղել է գերմանական սոցիալ֊դեմոկրատիայի ձախ թևը (Կ. Լիբկնեխտ, Ռ. Լյուքսեմբուրգ)։ 1918-ի նոյեմբերին կարճ ժամանակ եղել է Ավստրիայի արտաքին գործերի մինիստր։ Մահացել է նոյեմբ. 11-ին։