ՀՍՀ/ԱԴՐԻԱՆՈՍ
ԱԴՐԻԱՆՈՍ, Հադրիանոս (Hadrianus) Պուբլիոս (76–138), Հռոմի կայսր՝ 117-ից, Անտոնինոսների հարստությունից։ Հրաժարվեց իր նախորդի՝ Տրայանոսի արևելյան նվաճումներից (բացառությամբ Արաբիայի), որոնց պահպանումը կայսրությունից պահանջում էր ուժերի լարում և նյութական մեծ միջոցներ։ Հայերի ապստամբությանը 116-ին և պարթևների հետ ընդհարվելու վտանգը Ա֊ին հարկադրեցին 117-ին հռոմեական զորքերը դուրս բերել Հայաստանից և ճանաչել նրա անկախությունը։ Ա. ուշադրությունը կենտրոնացրեց սահմանների պաշտպանության վրա, կատարեց բարենորոգումներ, որոնք նպաստեցին պետության կենտրոնացմանը և կայսրության ներքին առևտրի զարգացմանը։ Ճնշելով հրեաների ապստամբությունը (132–135) Հուդայում՝ նրանց արտաքսեց իրենց հայրենիքից։ Արգելեց քրիստոնյաների հալածանքը։ Ա. կառուցեց Ադրիանուպոլիս քաղաքը, սահմանային պարիսպները (ներկայիս Գերմանիայի և Բրիտանիայի տերիտորիաներում), Զևսի տաճարը (Աթենքում), Վեներայի և Հռոմի տաճարները (Հռոմում)։ Թաղվել է Հռոմում՝ իր կառուցած դամբարանում (այժմ՝ Ս. Հրեշտակի դղյակ)։
