ՀՍՀ/ԱԵՐՈԼՈՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԵՐՈԼՈՑԻԱ (աերո․․․ + ․․․լոցիա), օդային ուղեգծի (տրասսայի) կամ թռիչքի շրջանի մանրամասն նկարագրություն։ Հնարավորություն է տալիս օդաչուին թռիչքի նախապատրաստվելիս ուսումնասիրել այդ շրջանի կամ ուղեգծի առանձնահատկությունները, հեշտացնում է կողմնորոշումը, նպաստում թռիչքի անվտանգության ապահովմանը։ Ա. ընդգրկում է թռիչքի բարձրությունից երկրի մակերևույթի վրա երևացող բնորոշ կողմնորոշիչների, օդանավակայանների և վայրէջքի հրապարակների, ուղեգծի կամ թռիչքի շրջանի ֆիզիկա֊աշխարհագրական նկարագիրը, տեղեկություններ թռիչքի օդերևութաբանական պայմանների և երկրային ապահովման միջոցների մասին, նրանց բնութագիրը և դասավորությունը։
