ՀՍՀ/ԱԶԱՏՆԵՐ
ԱԶԱՏՆԵՐ (պահլավ. âzât, պարսկ. âzâd), ազնվական դաս միջնադարյան Հայաստանում։ Լայն իմաստով Ա., ազատորեար կամ ազատանի են կոչվել առհասարակ արտոնյալ խավերը, նեղ իմաստով՝ ազնվականների միայն ստորին դասը։ Մոտավորապես համապատասխանում է Սասանյան Պարսկաստանի (III–VII դդ.) Ա֊ի (հեծյալ֊արտեշտարան), միջնադարյան Եվրոպայի հեծյալների (chevaliers) կամ Կիլիկյան Հայաստանի ձիավորների դասին։ Ա. վասալական կախման մեջ էին հողի գերագույն տերերից, նրանցից էին ստանում պայմանական հողաբաժինների և ժառանգաբար օգտագործում՝ դառնալով ավատառու (տես Խոստակդար)։ Ա. հողատու տերերի համար կատարում էին զինվորական (տես Ազատազորք) և պատվարժան այլ ծառայություններ, մասնակցում աշխարհաժողովներին։ Հանցավոր Ա. դատվում էին հասարակական դատարանում․ նրանց չէր կարելի մարմնական պատժի ենթարկել կամ ուղարկել ստորին աշխատանքի, ենթակա էին միայն դրամատուգանքի։ Ա֊ի արյան գինը կրկնակի բարձր էր անազատների արյան գնից։ Հայ մատենագրության մեջ Ա. հայտնի են նաև «որսատենչ» կամ «փափկացյալ» անվամբ՝ խաղաղ պայմաններում ժամանակի մեծ մասը որսորդության կամ զվարճությունների հատկացնելու համար։ Հայ պետականության անկումից հետո Ա֊ի դասն աստիճանաբար դադարեց գոյություն ունենալուց։
Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934։ Адонц Н., Армения я эпоху Юстиниана, СПБ, 1908 (перепечат. Е., 1971).
