Jump to content

ՀՍՀ/ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍ (Corpo volentari della Libeta), իտալական դիմադրության շարժման պարտիզանական բանակը։ 1943–45-ին կռվում էր գերմ. և իտալ. ֆաշիստների դեմ։ Հրամանատարության կազմում էին հակաֆաշիստական կուսակցությունների ներկայացուցիչները։ Պարտիզանական բոլոր ջոկատները, անկախ կուսակցական պատկանելությունից, 1945-ի մարտին միավորվեցին՝ կազմելով 150-հազարանոց բանակ։ Ա. կ. կ֊ի հրամանատար նշանակվեց գեներալ Ռ. Կադոռնան, տեղակալներ՝ Լ. Լոնգոն և Ֆ. Պարրին։ Ա. կ. կ. գլխավորեց 1945-ի ապրիլյան համընդհանուր ապստամբությունը՝ ազատագրելով Հյուսիսային Իտալիայի մեծ մասը։ Դրանից հետո Ա. կ. կ. լուծարքի ենթարկվեց։ Պարտիզանական ջոկատներում մարտնչել են ֆաշիստական գերությունից փախած սովետական շատ զինվորներ, այդ թվում՝ հայեր, հերոսությամբ աչքի են ընկել Մ. Դաշտոյանը, Գ. Քոլոզյանը և ուրիշներ։