Jump to content

ՀՍՀ/ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԾ ԽԱՐՏԻԱ (լատ. Magna Charta libertatum, անգլ. The great Charter), հրովարտակ, որ ստորագրեց Անգլիայի Հովհան Անհող թագավորը (1215-ի հունիսի 15-ին)։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։ Ա. մ. խ. սահմանափակեց թագավորի իրավունքները. նա ստիպված ճանաչեց եկեղեցու անկախությունն ու իրավունքների անձեռնմխելիությունը, համաձայնեց «թագավորական ընդհանուր խորհուրդ» գումարել՝ ընդարձակելով նրա իրավասությունները։ Այդ խորհուրդն անգլիական պառլամենտի սաղմն Էր։ Թագավորին արգելվեց առանց խորհրդի միջամտել խոշոր ֆեոդալների ներքին գործերին, հարկ գանձել, կալանավորել, արտաքսել նրանց ևն։ Ստեղծվեց Խարտիայի կատարմանը հսկող մարմին՝ բաղկացած 25 բարոններից։ Ա. մ. խ. գյուղացիությանը ոչինչ չտվեց։