Jump to content

ՀՍՀ/ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ, մարդկանց գործունեության և բնության ու հասարակության օբյեկտիվ օրենքների փոխհարաբերությունն արտահայտող փիլիսոփայական կատեգորիաներ։ Նախամարքսյան, ինչպես նաև հետմարքսյան բուրժուական փիլ. ուսմունքներում միակողմանիորեն չափազանցվել է կամ մարդու ազատությունը, կամ օբյեկտիվ անհրաժեշտությունը։ Հարցի այդպիսի սխալ մետաֆիզիկական ըմբռնումը բնորոշ է եղել ինդետերմինիզմին, դետերմինիզմին և հատկապես վոլյանտարիզմին ու ֆատալիզմին։ Ըստ վոլյունտարիզմի, ազատությունը արտաքին պայմաններով չպայմանավորվող և ոչնչով չսահմանափակվող կամքի ազատությունն է։ Ազատության սուբյեկտիվիստական ըմբռնումը հատուկ է նաև էկզիստենցիալիզմը համախոհներին (Սարտր, Տասպերս և ուրիշներ)։ Ի տարբերություն վոլյունտարիզմի, ֆատալիզմը ժխտում է կամքի ազատությունը և մարդկային գործունեությունն ու արարքները բոլոր դեպքերում բխեցնում է արտաքին, մարդուց ու մարդու կամքից անկախ պայմաններից, բացարձականացնում է օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ սողանցք թողնելով աստվածային նախախնամության գաղափարի համար։ Այսպիսով, երկու դեպքում էլ անտեսվում է Ա. և ա֊յան դիալեկտիկական փոխկապակցությունը, դրանք քննվում են իրական հարաբերություններից դուրս։ Ա. և ա֊յան գիտական ըմբռնումը առաջին անգամ փորձել է տալ Սպինոզան, ըստ որի մարդկանց գործողությունների ազատությունը որոշվում է նրանց բանական լինելու աստիճանով։ Հարցի մշակման ուղղությամբ, թեև օբյեկտիվ իդեալիզմի դիրքերից, նշանակալի առաջընթաց կատարեց Հեգելը, որը ազատությունը բնորոշեց որպես ճանաչված անհրաժեշտություն և բացահայտեց դրանց դիալեկտիկական միասնությունը։

Մարքսիստական փիլիսոփայությունը, բացահայտելով Ա. և ա֊յան դիալեկտիկան, ցույց տվեց, որ ազատությունն իրականության օբյեկտիվ օրենքների, անհրաժեշտության ճանաչումն է և գործնական կիրառումը։ Մարդկային արարքները կույր են, տարերային, եթե դրանք չեն հիմնավորված անհրաժեշտության, երևույթների կապի և զարգացման օրինաչափությունների իմացությամբ։ «Ազատությունը ոչ թե երևակայական անկախություն է բնության օրենքներից, այլ այդ օրենքների իմացությունն է և այդ իմացության հիման վրա օրենքները պլանաչափորեն որոշ նպատակների ծառայեցնելու հնարավորությունը» (Էնգելս Ֆ., Անտի֊Դյուրինգ, Ե., 1967, էջ 152)։ Մարքսիստական փիլիսոփայությունը հետևողական դետերմինիզմի տեսանկյունից դիտելով Ա. և ա֊յան կատեգորիաները, գտնում է, որ մարդկային գիտակցությունն ու կամքը «չնչին մեծություն» չեն անհրաժեշտության առջև ճանաչելով բնության և հասարակության զարգացման օրենքները՝ մարդիկ կարող են իրենց նյութատեխնիկական հնարավորությունների սահմաններում դրանց գործողությունները ենթարկել հասարակության շահերին։ Կոմունիզմը, որպես նախորդ հասարակական ֆորմացիաների արմատական հակադրություն, «…մարդկության թռիչքն է անհրաժեշտության թագավորությունից դեպի ազատության թագավորությունը» (նույն տեղում, էջ 381)։ Գ. Մխիթարյան