ՀՍՀ/ԱԶԱՏ ՔԱՂԱՔ
ԱԶԱՏ ՔԱՂԱՔ, միջազգային պրակտիկայում ընդունված տերմին, որով նշվում են ինքնուրույն քաղաքական կազմավորումով տարբերվող և միջազգային հատուկ ռեժիմից օգտվող քաղաքները։ Պատմականորեն Ա. ք. հասկացությունը ծագել է միջին դարերում, Գերմանիայամ, երբ Համբուրգ, Բրեմեն, Ռեգենսբուրգ, Լյուբեկ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները գերմանական ֆեոդալական իշխանություններից իրենց անկախ դրությունն ընդգծելու համար անվանվեցին ազատ կամ կայսերական քաղաքներ։ Վիեննայի կոնգրեսի (1814–15) որոշմամբ «ազատ, անկախ և լիովին չեզոք քաղաք» հայտարարվեց Կրակովը՝ շրջակա տերիտորիայով։ Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Ա. ք֊ի ստատուս սահմանվեց Գդանսկի (Դանցիգ) համար, որը 1939-ին խախտեց Գերմանիան՝ օկուպացնելով քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի հետ հաշտության պայմանագրով նախատեսվում էր Տրիեստին տալ Ա. ք֊ի ստատուս, որը չիրագործվեց ԱՄՆ֊ի, Անգլիայի դիմադրության պատճառով։ Նման ստատուս գոյություն ուներ Տանժերում (1923—40, 1945—56), Սաարում (1919—35, 1945–55)։ ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի 1947-ի նոյեմբերի 29-ի բանաձևով նախատեսվում է համանման ռեժիմ հաստատել Երուսաղեմում։
