ՀՍՀ/ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ, Ազարիա Ա (1534–1601), Սսի կաթողիկոս 1584-ից։ Հաջորդել է Խաչատուր Բ Երաժիշտ կաթողիկոսին, որի աթոռակիցն էր։ Հռոմի պապի հետ հայ եկեղեցուն հակոտնյա կրոնական բանակցությունները շարունակելու պատճառով Ա. Ջ. 1586-ին գահազրկվել է՝ աթոռը զիջելով իր հակառակորդ Տիրատուր Ա Սսեցուն։ Այնուհետև Ա. Ջ. մեկնել է Կ. Պոլիս և 1591-ին գրավել Հովհաննես Բ Ուլնեցու պատրիարքական աթոռը։ 1592-ին վերադարձել է Սիս և վերագրավել կաթողիկոսական աթոռը։ Վատիկանի մատենադարանում պահպանվել են Հռոմի պապի հետ նրա վարած բանակցությունների փաստաթղթերը (ընդօրինակությունները գտնվում են Վենետիկի Մխիթարյան մատենադարանի № 308 ձեռագրում)։ Գրել է «Մեկնութիւն քերականութեան» աշխատությունը։
Գրկ. Կյուլեսերյան Բ., Պատմություն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939։
