ՀՍՀ/ԱԶԳ
ԱԶԳ, մարդկանց սոցիալ֊էթնիկական ընդհանրության պատմական զարգացման բարձրագույն ձև, որն ունի լեզվի, տերիտորիայի, տնտ. կյանքի, հոգեբանության ու մշակույթի որոշակի ընդհանրություն ու ազգային ինքնագիտակցություն։ Այդ հատկանիշները բնորոշ են նաև ազգությանը՝ առավել նվազ չափով։ Ուշ ֆեոդալիզմի շրջանում, տնտեսական կապերի զարգացմանը և ազգային միասնական շուկայի կազմավորմանը զուգընթաց ճանապարհ է հարթել ազգությունների հետագա համախմբման պրոցեսը, որի ընթացքում էլ նրանք վերածվել են բուրժուական ազգերի։ Կապիտալիզմի պայմաններում ազգի ներսում սոցիալ֊դասակարգային հակամարտությունն ավելի է սրվում, որը դրսևորվում է ներհակ դասակարգերի քաղաքական, տնտեսական ու գաղափարական պայքարով, ինչպես և ազգային մշակույթի սոցիալական երկճեղքվածությամբ (առաջադիմական և հետադիմական ծայրաթևեր)։ Բուրժուական ազգի ղեկավար ուժը բուրժուազիան է, որը պետության գլուխ անցած իշխում է տնտեսական կյանքում, որոշում պետության ներքին ու արտաքին քաղաքականությունը, թեև ազգի մեծամասնությունը կազմում են աշխատավոր դասակարգերը՝ բանվորները և գյուղացիները։ Բուրժուական ազգի ներսում աստիճանաբար հասունանում է բանվոր դասակարգը, որը սոցիալիստական հեղափոխությունից հետո կանգնում է ազգի գլուխ և ապահովում նրա սոցիալ֊տնտեսական ու քաղաքական կյանքի և գաղափարախոսության արմատական հեղաշրջումը։ Պրոլետարիատի դիկտատուրայի պայմաններում բուրժուական ազգերն աստիճանաբար վերածվում են սոցիալիստականի։ Սոցիալիստական ազգերը հաղթահարում են դասակարգային ներքին հակամարտությունը և հասնում բարեկամ աշխատավորական դասակարգերի ու սոցիալական խավերի համախմբմանը։ Սոցիալիզմից կոմունիզմին անցնելու շրջանում ազգերի քաղաքական, սոցիալ֊տնտեսական ու հոգևոր կյանքն աստիճանաբար ստանում է կոմունիստական բնույթ, և հիմք է ստեղծվում, որպեսզի սոցիալիստական ազգերը վերափոխվեն կոմունիստական ազգերի։
Ազգառաջացման պրոցեսներն ընթանում են նաև մեր օրերում։
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1968։ Լենին Վ. Ի., Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին, Երկ., հ. 20։ Մելիքյան Մ. Ա., Հայ ազգի կազմավորման և նրա սոցիալիստական վերափոխման հարցի շուրջը, Ե., 1957։ Նույնի, Սոցիալիզմը և ազգերը, Ե., 1969։ Егиазарян А. М., Об основных тенденциях развития социалистических наций СССР, Е., 1965
