ՀՍՀ/ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ
ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ, ազգի կամ ազգության ստորաբաժանում, որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորույթների որոշ առանձնահատկություններ։ Ա. խ. առաջանում է պատմական տարբեր պայմանների ազդեցությամբ և կարող է հարատևել (օրինակ, ռուս ժողովրդի կազմում այժմ էլ կան հյուսիսային, միջին և հարավային ազգագրական խմբեր, հայ ժողովրդի կազմում՝ արևմտյան և արևելյան) կամ ձուլվել, անհետանալ մայր ժողովրդի ընդհանրության մեջ (օրինակ, բրետանցիները՝ Ֆրանսիայում)։ Հնարավոր է Ա. խ֊ի ստորաբաժանում ավելի փոքր խմբերի։ Կարող են Ա. խ֊ի վերածվել տվյալ ազգի հետ ձուլված, բայց իրենց էթնիկական որոշ գծերը պահպանած ցեղեր կամ այլազգի բնակչության առանձին խմբեր, ինչպես նաև պատմական հանգամանքների բերումով մայր ժողովրդից մեկուսացած որոշ հատվածներ։ Վերջիններս ձեռք են բերում լեզվական, սովորութային, կրոնական կամ զբաղմունքային նոր երանգներ ու առանձնահատկություններ։ Այդպիսի ուրույն Ա. խ֊եր են, օրինակ, տարբեր վայրերում հաստատված հայկական ֆռանգները, զոկերը, ռուսական կազակները, մալականները ևն։ Սակայն Ա. խ. էթնիկական կայուն ամբողջություն չէ։ Ազգերի համախմբման պրոցեսի խորացման հետ Ա. խ֊երը, աստիճանաբար կորցնելով իրենց առանձնահատկությունները, ձուլվում են մայր ժողովրդին։ Կյանքի առանձնահատուկ պայմաններում հայ ժողովրդի կազմում հարատևել են բազմազան Ա. խ֊եր։ Միաժամանակ արտաքին գործոնների ազդեցությամբ դրանք հաճախ տեղաշարժվել, միախառնվել ու ենթարկվել են զանազան ազդեցությունների։ Այդ երևույթը հստակորեն արտահայտվել է XIX դարում (արևմտահայերի և պարսկահայերի ներգաղթը Արևելյան Հայաստան), մանավանդ Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանից ամբողջությամբ տարագրվեց հայ բնակչությունը, և նրա վերապրող Ա. խ֊երը, ցրվելով աշխարհով մեկ, նոր միջավայրում աստիճանաբար կորցրին իրենց նախկին տեղային առանձնահատկությունները՝ պահպանելով, սակայն, հայ ժողովրդի գլխավոր էթնիկական գծերը։ Զգալիորեն փոխվել է Ա. խ֊երի կազմն Արևելյան Հայաստանում։ Ներգաղթերի ու բռնի տեղաշարժերի հետևանքով այստեղ բնակություն են հաստատել վանեցի, սասունցի, մշեցի, բայազետցի և այլ հայեր, որոնք, խառնվելով տեղական հայերին, ստացել են էթնիկական նոր որակ։ Համեմատաբար «անաղարտ» են մնացել Սյունիքն ու Արցախը։ Յուրօրինակ Ա. խ. են Սև ծովի Կովկասյան ափերին բնակվող համշենցիները և Հյուսիսային Կովկասի հայերը, ինչպես նաև հայերին ձուլված հայ բոշաները։
