ՀՍՀ/ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
ԱԶԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ (երաժշտական ֆոլկլորագիտություն), երաժշտագիտության և ընդհանուր ազգագրության ճյուղ։ Ուսումնասիրում է ժողովրդական երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական կենցաղը՝ պատմական զարգացման ընթացքում։ Ա. ե֊ի ուսումնասիրման եղանակներն են՝ անմիջական զննումներ և գիտական փաստագրություն, երաժշտական նմուշների գրառում (XIX դ. 90-ական թթ. նաև մեքենական ձայնագրում՝ հետագա նոտագրմամբ), գրի առնված եղանակների և խոսքերի գաղափարական֊գեղագիտական, երաժշտական֊ոճական և կոմպոզիցիոն (լադային կառուցվածք, մելոդիկա, ռիթմիկա, բազմաձայնություն, երգչախմբային և գործիքային ֆակտուրա ևն) վերլուծում, ժողովրդական֊րաժշտական համակարգերի և ժողովրդական գործիքների լարվածքի որոշում (ձայնագիտական սարքի օգնությամբ)։ Ա. ե֊ի խնդիրներն են՝ հայտնաբերել տարբեր դարաշրջանների ժողովրդական երաժշտական ստեղծագործությունները, պարզաբանել երաժշտության ազգային֊ոճական հատկանիշները, երաժշտության դերը ժողովրդի հոգևոր մշակույթի պատմության մեջ և ժամանակակից հասարակական կյանքում ու կենցաղում։ Բացահայտում է ժողովրդական երաժշտության, բանաստեղծության և պարերի փոխադարձ կապը, ժողովրդական երաժշտության և կոմպոզիտորների ստեղծագործության փոխազդեցությունը, տարբեր ժողովուրդների երաժշտական առնչությունները (վերջինը Ա. ե֊ի մի առաևձին ենթաճյուղի՝ համեմատական երաժշտագիտության խնդիրն է)։ Այս հարցերի պարզաբանմամբ Ա. ե. լրացնում է ընդհանուր երաժշտագիտությունը և ազգագրությունը։ Դեռևս հնում ժողովրդական երաժշտության նմուշներն այս կամ այն չափով գրի են առնվել և ուսումնասիրվել, իսկ XVIII դ. ընդհանուր ազգագրական նկարագրություններում և աշխատություններում գրավել ավելի մեծ տեղ։ Որպես գիտության ինքնուրույն ճյուղ Ա. ե. ձևավորվել է XIX դ. երկրորդ կեսին։ Հայ ժողովրդի երաժշտական արվեստը հնագույն ժամանակներից արժանացել է պատմագիրների, բանաստեղծների, կոմպոզիտորների և գեղագետների ուշադրությանը։ Միջնադարում գրառվել և մշակվել են բազմաթիվ ժողովրդական երգերի խոսքեր, եղանակները խազերով ձայնագրվել և առատորեն օգտագործվել են հոգևոր երաժշտության մեջ։ Մանրանկարներում պահպանվել եև ժողովրդական պարերի, գործիքների, հանդեսների բազմաթիվ պատկերներ։ Նոր ժամանակներում հայ ժողովրդական երգերը ձայնագրել են՝ Ն. Տիգրանյանը, Ք. Կարա֊Մուրզան, Մ. Եկմալյանը, Կոմիտասը, Ս. Մելիքյանը և ուրիշներ։ Հայ ժողովրդական երաժշտության առանձին նմուշներ ձայնագրել են նաև ռուս երաժիշտներ Ի. Դոբրովոլսկին, Մ. Ա. Բալակիրևը, Մ. Պ. Մուսորգսկին, Մ. Մ. Իպպոլիտով֊Իվանովը և այլք։ Հայ Ա. ե֊ի հիմնադիրը, գիտական առումով, Կոմիտասն է։
Գրկ. Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941։ Շահվերդյան Ա., Հայ երաժշտության պատմության ակնարկներ. XIX–XX դդ., Ե., 1959։ Кушнарев Х. С., Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958; Атаян Р., Комитас—собиратель армянской народной песни, в кн.։ VII Международный конгресс антропологических и этнографических наук, Москва, 1964, т. 7, М., 1970. Tiersot J., Notes d'ethnographie musicale, v. 1—2, P., 1905—10; Sachs C., Vergleichende Musikwissenschaft, Lpz., 1930; Nettl B., Theory and Method of Ethnomusicology, [N. Y.], 1964.
