Jump to content

ՀՍՀ/ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ (կամ Թիֆլիսի ազգային կենտրոնական բյուրո), ստեղծվել է ռուսական կայսրության հայաշատ կենտրոնների ներկայացուցիչների համագումար֊խորհրդակցությունում (1912)։ Նպատակն էր՝ օգտվել 1912֊13-ի բալկանյան պատերազմների հետևանքով ստեղծված իրադրությունից և հասնել Հայկական հարցի լուծմանը։ Ա. բ֊ի կազմում էին հայ ազգային գրեթե բոլոր կուսակցությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տիրապետող դիրք էր գրավել դաշնակցական կուսակցությունը։ Ա. բ. սկզբում զբաղվել է Հայկական հարցի պրոպագանդով։ Համաշխարհային պատերազմի տարիներին, ցարական կառավարության հավանությամբ, Կովկասյան ռազմաճակատի համար կազմակերպել է հայ կամավորական ջոկատներ։ Զբաղվել է նաև արևմտահայ գաղթականներին տեղավորելու և պարենամթերքով ապահովելու հարցերով։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո դադարել է գործելուց։

Գրկ․ Լեո, Անցյալից, Թ., 1925։ Նույնի, Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. 2, Վնն., 1935։