ՀՍՀ/ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑ, ազգերի ազատագրման, նրանց ազատ ու ինքնուրույն զարգացման պայմանների և փոխհարաբերության հարցը։ Ա. հ֊ի էությունը պատմության մատերիալիստական ըմբռնման հիման վրա առաջին անգամ բացահայտել են Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը։ Բնութագրելով ազգերի ծագման ու զարգացման պատմական պայմանները՝ մարքսիզմը վեր հանեց ազգային շարժումների սոցիալ֊տնտեսական արմատները և ապացուցեց, որ միայն սոցիալիզմը կարող է լուծել Ա. հ.՝ հօգուտ բոլոր ժողովուրդների։ Վ. Ի. Լենինը մշակեց իմպերիալիզմի դարաշրջանում ազգային֊գաղութային հեղափոխությունների մասին ուսմունք, Ա. հ֊ի լուծումը կապեց կապիտալիզմի կործանման հետ և հիմնավորեց, որ Ա. հ. պրոլետարական հեղափոխության հարցի բաղկացուցիչ մասն է։ Արդի դարաշրջանում Ա. հ. ազգային ճնշումն ու անհավասարությունը վերացնելու, իմպերիալիզմի լծից գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդներին ազատագրելու, ազգերի միջև բարեկամական համագործակցություն ստեղծելու հարցն է։
Պատմական զարգացման ամեն մի փուլում Ա. հ֊ի բովանդակությունը պայմանավորված է տվյալ ժամանակին հատուկ կոնկրետ գործոններով։ Ինչպես նշել է Վ. Ի. Լենինը, «Զարգացող կապիտալիզմը գիտե երկու պատմական տենդենց ազգային հարցում։ Առաջինը՝ ազգային կյանքի ու ազգային շարժումների զարթոնքն է, պայքարն ամեն տեսակ ազգային ճնշման դեմ, ազգային պետությունների ստեղծումը։ Երկրորդը՝ ամեն տեսակ հարաբերությունների զարգացումն ու հաճախացումն է ազգերի միջև, ազգային միջնորմների քանդումը, կապիտալի, առհասարակ տնտեսական կյանքի, քաղաքականության, գիտության և այլնի ինտերնացիոնալ միասնության ստեղծումը» (Երկ., հ. 20, էջ 14)։ XIX դ. Ա. հ. հատկապես սրվեց Արևելյան Եվրոպայի բազմազգ պետություններում՝ Ավստրո-Հունգարիայում, ցարական Ռուսաստանում, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում։ Պատմական հարուստ ավանդույթ ունեցող մի շարք ազգերի գաղութացումը և տարբեր պետությունների միջև մասնատումը անհետաձգելի դարձրին նրանց ազատագրման հարցը։ Այսպես հրապարակ եկան իռլանդական հարցը, լեհական հարցը, հայկական հարցը ևն, որոնք դարձան իմպերիալիստական պետությունների սուր տարաձայնությունների և պայքարի առարկա։ Իմպերիալիզմի դարաշրջանում Ա. հ. միահյուսվում է գաղութացված ժողովուրդների ազատագրության ընդհանուր հարցի հետ և վերածվում ազգային-գաղութային հարցի։
Կապիտալիզմն ստեղծեց ազգերի անհավասարության, մեկ ազգի կողմից մյուսին ճնշելու, աշխարհի բնակչության մեծամասնությանը գաղութային կախման մեջ դնելու համակարգ, ուր իշխում են ազգերի թշնամությունն ու հակադրությունը։ Այդ իսկ պատճառով Ա. հ. կապիտալիզմի օրոք կապվում է բուրժուազիայի տիրապետության տապալման և բանվոր դասակարգի ազատագրման ընդհանուր հարցին։ Ա. հ-ի լուծման գլխավոր պայմանը արտադրության միջոցների մասնավոր սեփականության, մարդու շահագործման և հակամարտ դասակարգերի վերացումն է. «Ինչ չափով որ ոչնչացվելու է մի անհատի շահագործումը մյուսի կողմից, այն չափով էլ ոչնչացվելու է մի ազգի շահագործումը մյուսի կողմից։ Ազգերի ներսում եղած դասակարգերի անտագոնիզմի հետ միասին կվերանան նաև թշնամական հարաբերություններն ազգերի միջև» (Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, 1968, էջ 104)։
Վ. Ի. Լենինը մշակեց կոմունիստական կուսակցության ազգային ծրագիրը, որն ընկած է մասնավորապես ՍՄԿԿ X և XII համագումարների որոշումների հիմքում և իր կիրառության մեջ հայտնի է որպես կուսակցության լենինյան ազգային քաղաքականություն։ Կապիտալիզմի և կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում այդ ծրագիրն առաջադրում է բոլոր ազգերի ու ազգությունների հավասարության, ազգային արտոնությունների ու սահմանափակումների վերացման, ազգերի ինքնորոշման՝ ընդհուպ մինչև անջատվելու և ինքնուրույն պետություն կազմելու իրավունքի ճանաչման, ազգային լեզուների և կուլտուրայի ազատ զարգացման ապահովման և բոլոր ազգերի աշխատավորների համախմբման ու միասնական հեղափոխական կազմակերպությունների մեջ միավորելու սկզբունքները։
Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ հնարավոր դարձավ այդ սկզբունքներն իրականացնել տասնյակ ազգերի մեջ։ Դրանց ազգային ու սոցիալական վերածնության երաշխիքը հանդիսացավ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմավորումը։ Կապիտալիզմի տապալումից հետո ազգերի իրավական հավասարության հաստատումը հիմք դարձավ նրանց փաստական (քաղաքական, տնտեսական, կուլտուրական) անհավասարության հաղթահարման համար։ Այժմ, ինչպես նշված է ՍՄԿԿ Ծրագրում, բարձրանում է զարգացած սոցիալիստական ազգերի պետական֊քաղաքական, տնտեսական և կուլտուրական զարգացման մակարդակների հետագա համահարթման խնդիրը։ Սոցիալիզմի պայմաններում ազգերի զարգացումն ընթանում է նրանց մերձեցման, փոխօգնության և բարեկամության ուղիով։ Դա դրսևորվում է բոլոր ազգերի համակողմանի ծաղկման և անշեղ մերձեցման՝ փոխադարձորեն միմյանցով պայմանավորվող ձգտումներում։
Արդի դարաշրջանը բնութագրվում է ազգերի, նրանց հոգևոր կյանքի ու ինքնագիտակցության բուռն զարգացումով ամբողջ աշխարհում։ Իմպերիալիզմի համաշխարհային գաղութային սիստեմը հոգեվարք է ապրում։ Գաղութացված ժողովուրդների ճնշող մեծամասնությունը (մոտ 1,5 մլրդ. մարդ) վերջին տասնամյակներում նվաճել է իր ազգային անկախությունը և պայքարելով նեոգաղութատիրության դեմ, որոնում է զարգացման նոր ուղիներ։ Այդ գործում նրանց հուսալի հենարանն են սոցիալիստական սիստեմի երկրների ժողովուրդները և համաշխարհային կոմունիստական շարժումը։
Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1968։ Լենին Վ. Ի., Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին, Երկ., հ. 20։ Նույնի, Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, նույն տեղում։ Պարտիայի հերթական խնդիրները ազգային հարցում [ՍՄԿԿ X համագումարի բանաձևը], ՍՄԿԿ-ն բանաձևերում…, հ. 1, Ե., 1954։ Ազգային հարցի մասին, [ՍՄԿԿ XII համագումարի բանաձևը], նույն տեղում։ Շահումյան Ա., Ազգային հարցը և սոցիալ֊դեմոկրատիան, Երկ., հ. 1, Ե., 1955։ Մյասնիկյան Ա. Ֆ., Ազգային հարցի առթիվ, Ընտիր երկ., Ե., 1957։
