Jump to content

ՀՍՀ/ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1906

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1906, գումարվել է օգոստ. 17–30-ը, Էջմիածնում։ Հեղափոխական իրադրության մեջ և հայ ժողովրդի բուռն բողոքի ճնշման տակ 1905-ի օգոստ. 1-ին Նիկոլայ II հարկադրված թույլատրեց վերաբացել 1897-ին փակված հայկական եկեղեցական-ծխական դպրոցները և եկեղեցուն վերադարձնել 1903-ին բռնագրաված գույքը։ Դպրոցների կանոնադրության նախագիծը քննելու համար Խրիմյան Մկրտիչ կաթողիկոսը կարգադրեց 1906-ի մայիսին հրավիրել ներկայացուցչական ժողով և ընտրություններ նշանակեց։ Դաշնակցությունն օգտագործեց ընտրությունները՝ ժողովում իր գերակշռությունն ապահովելու համար։ Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Երևանի, Իգդիրի և մի շարք այլ վայրերի ուսուցչական ժողովները կաթողիկոսին բողոքեցին դաշնակցականների կողմից ընտրական սկզբունքների խախտումների դեմ և հրաժարվեցին ուղարկել իրենց պատգամավորներին։ Նշանակված նոր ընտրությունները, որոնց մասնակցում էին նաև կանայք, տեղի ունեցան քաղաքական սուր պայքարի մթնոլորտում։ Բոլշևիկները (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան և ուրիշներ) քննադատում էին դաշնակցությանը՝ ժողովրդական զանգվածների ուշադրությունը հեղափոխական պայքարից շեղելու համար։

Օգոստ. 17-ին Ս. Զավարյանի նախագահությամբ բացվեց Ա. պ. կ. ժ ., որի 57 պատգամավորներից 44-ը դաշնակցականներ էին։ Նրանք ձգտում էին ժողովին տալ սահմանադիր համագումարի բնույթ, իշխանություններից կորզել արևելահայությանը հուզող հարցերը տնօրինելու մենաշնորհ, իրենց կամքը պարտադրել քաղաքական մյուս հոսանքների ներկայացուցիչներին, որոնք, չհանդուրժելով այդ, հեռացան ժողովից։ Ա. պ. կ. ժ. որոշումներ կայացրեց ձրի ուսուցման, դպրոցը եկեղեցուց անջատելու և Ազգային ժողովի տնօրինությանը հանձնելու, եկեղեցական հողերը որպես ազգային սեփականություն համայնացնելու և այլ հարցերի մասին։ Ժողովից դժգոհ ցարական իշխանություններն օգոստ. 30-ին պատգամավորներին պարտադրեցին 24 ժամում հեռանալ Էջմիածնից։ Ա. պ. կ. ժ-ի որոշումները մնացին թղթի վրա։

Գրկ. Շահումյան Ծ., Երկ., հ. 1, Ե., 1955, էջ 249–52, 261—64։ Սպանդարյան Ս., Երկ., հ. 1, Ե., 1959, էջ 98—99, 109–110։ Լեո, Անցյալից, Թ., 1925։ Մուրադյան Դ. Ա., Հայաստանը ռուսական առաջին ռևոլյուցիայի տարիներին (1905–1907), Ե., 1964, էջ 180–92։ Վ. Երկանյան