ՀՍՀ/ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ
ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ, վարչա֊տերիտորիալ միավոր ՌՍՖՍՀ֊ում: Ինքնավարության իրականացման ձև, որը ապահովում է փոքր ժողովուրդների ազատ զարգացումը։ Ա. օ֊ները տասն են. կազմակերպվել են 1925–37-ին և մտնում են երկրամասի կամ մարզի մեջ։ Ա. օ֊ի պետական իշխանության մարմինն աշխատավորների դեպուտատների օկրուգային սովետն է։ Գործավարությունը տարվում է ազգային լեզվով։ Յուրաքանչյուր Ա. օ. ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում ունի մեկ դեպուտատ։
ՌՍՖՍՀ Ա. օ֊ներն են՝ Թայմիրի կամ Դոլգանո֊Նենեցական և Էվենկյան (Կրասնոյարսկի երկրամաս), Նենեցական (Արխանգելսկի մարզ), Ուստ֊Օրդինսկի Բուրյաթական (Իրկուտսկի մարզ), Կորյակյան (Կամչատկայի մարզ), Չուկոտյան (Մագադանի մարզ), Ագինսկոյեի֊Բուրյաթական (Չիտայի մարզ), Կոմի֊Պերմյակյան (Պերմի մարզ), Խանտի֊Մանսիական և Յամալո֊Նենեցական (Տյումենի մարզ)։
