ՀՍՀ/ԱԶԳԱՆՈՒՆ
ԱԶԳԱՆՈՒՆ, անձի տոհմական անվանումը։ Տրվում է ծնվելուց կամ ամուսնանալուց հետո և փոխանցվում ժառանգաբար։ Ա-ի ձևավորումն ու զարգացումը սերտորեն կապված են արտադրակաև հարաբերությունների զարգացման հետ։ Հին և միջին դարերում Ա. կրում էին ազնվական ընտանիքևերը՝ Մամիկոնյաններ, Արծրունիներ, Մեդիչիներ, Ռյուրիկովիչներ ևն։ Միջնադարյան Հայաստանում նշանավոր ընտանիքները հիշատակելիս՝ նրանց ընդհանուր ճանաչում գտած Ա-ին ավելացվում էր «ազգ», երբեմն՝ «տուն» բառերը՝ «ազգն Մամիկոնյաց», «ազգն Ռշտունյաց», «Տունն Արծրունյաց» ևն։ Երբեմն մարդկանց անվանը կցվում էր նրանց ծննդյան կամ հիմնական գործունեության վայրի անունը, որը և Ա-ի դեր էր կատարում (Մովսես Խորենացի, Գրիգոր Նարեկացի, Ներսես Լամբրոնացի)։ Կապիտալիստական արտադրական հարաբերությունների կազմավորման շրջանում, երբ վերանում է տարբեր վայրերի մեկուսացումը, տեղի է ունենում բնակչության տեղաշարժ, աշխուժանում է առևտուրը, և մարդու ինքնությունը հաստատող փաստաթղթերը դառնում են անհրաժեշտություն, Ա. լայն տարածում և ճանաչում է գտնում։ Թուրքիայում մինչև 1930-ական թթ. կեսերը Ա. գոյություն չուներ և պաշտոնապես մտցվեց Քեմալ Աթաթյուրքի նախաձեռնությամբ:
Ա. հիմնականում առաջացել է նախնու անունից, որին ավելացվել է պատկանելություն կամ ազգակցական կապ (որդի, դուստր) արտահայտող նախածանց կամ վերջածանց։ Օրինակ, սլավոնների մոտ՝ «իչ», «ով», «սկի», հույների՝ «իդես», պարսիկների՝ «զադե», վրացիների՝ «ձե», «շվիլի» ևն։
Հայերն ունեն այս կամ այն ազգակից խմբին պատկանելը մատնանշող «ունի» ուրարտական վերջածանցը, որը հնում բնորոշ էր նախարարական տոհմերին (Ամատունի, Բագրատունի, Ռշտունի, Արծրունի ևն)։ Զանգեզուրի ազգագրական շրջանին հատուկ են «ենց», «ունց», «ոնց» վերջածանցները։ Ամենատարածված վերջածաևցը «յան»֊ն է, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է V դարից և լայնորեն տարածվել է XIX դարից։ Ա. առաջանում է նաև զբաղմունքի կամ մասնագիտության անվանումից (օրինակ՝ Դարբինյան, Ոսկերչյան, Ժամագործյան)։ Կան մականունից կամ տեղանունից առաջացած Ա֊ներ (Կարճիկյան, Չոլախյան, Բայբուրթյան, Երևանցյան)։ Հայկական Ա֊ները երբեմն կազմվում են գործունեությամբ աչքի ընկած կնոջ անունից (Մանանդյան, Շուշանյան)։
ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների ամուսնության և ընտանիքի օրենսդրության հիմունքներով (1968) ՍՍՀՄ֊ում ամուսիններն ըստ ցանկության կարող են ընտրել իրենցից մեկի Ա. կամ պահպանել մինչամուսնականը։ Միութենական որոշ հանրապետությունների (Ուկրաինա, Բելոռուսիա, Տաջիկստան) գործող օրենսդրությամբ ամուսիններին թույլատրվում է կից Ա. ունենալ։ Մյուս հանրապետությունների, այդ թվում «ՀՍՍՀ ամուսնության և ըևտանիքի օրենսգիրք»֊ը նման իրավունք չի վերապահում։ Երեխաների Ա. որոշվում է ծնողների ազգանունով։ Ապօրինի ծնված երեխայի գրանցումը ծննդամատյանում (եթե չկա ծնողների համատեղ դիմում և հայրությունը որոշելու վերաբերյալ դատարանի վճիռ) կատարվում է մոր Ա֊ով, իսկ հոր անունն ու հայրանունը գրանցվում է մոր ցուցումով։ Ամուսնու Ա. կրող անձն ամուսնալուծությունից հետո իրավունք ունի վերականգնելու մինչամուսնական Ա.։ Ա. փոխել թույլատրվում է 18 տարին լրանալուց հետո։
