Jump to content

ՀՍՀ/ԱԶԳԵՐԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԳԵՐԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ (British Commonwealth of Nations), երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական կայսրության քայքայման հետևանքով նախկինում նրա կազմի մեջ մտնող երկրներից ու տերիտորիաներից ստեղծված կազմակերպության անվանումը։ Օգտագործվում է նաև «Ազգերի համագործակցություն (Commonwealth of Nations) կամ ուղղակի «Համագործակցություն» (Commonwealth) ձևով։

Ա. բ. հ. անվանումն ստատուսային ճանաչում է գտել դեռևս 1921-ին, անգլո-իռլանդական պայմանագրում և երկար ժամանակ գործածվել է որպես «Բրիտանական կայսրություն» հասկացության հոմանիշ։ Ա. բ. հ֊յան անդամ են՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորությունը, Կանադա, Ավստրալիական Միություն, Նոր Զելանդիա, Հնդկաստան, Պակիստան, Մալայզիայի Ֆեդերացիա, Ցեյլոն, Գանա, Նիգերիա, Կիպրոս, Սիերա֊Լեոնե, Տանզանիա, Յամայկա, Տրինիդադ և Տոբագո, Ուգանդա, Քենիա, Զամբիա, Մալավի, Մալթա, Գայանա, Գամբիա, Բոտսվանա, Բարբադոս, Լեսոտո, Սինգապուր անկախ պետությունները և Մեծ Բրիտանիայի, Ավստրալիական Միության և Նոր Զելանդիայի գաղութներն ու խնամակալական տերիտորիաները։ Մեծ Բրիտանիայի և Ա. բ. հ֊յան երկրների փոխհարաբերությունը կարգավորվում է Վեստմինիստրական ստատուսով (1931), ըստ որի, Մեծ Բրիտանիայի օրենսդրությունը չի տարածվում անդամ֊երկրների վրա։ Նրանք ինքնուրույն են նաև միջազգային հարաբերություններում և ունեն իրենց ներկայացուցիչները ՄԱԿ֊ում և նրա մասնագիտացված կազմակերպություններում։

1944-ից սկսած կանոնավոր կերպով հրավիրվում են Ա. բ. հ֊յան երկրների պրեմիեր֊մինիստրների խորհրդակցություններ, որոնք չունեն հաստատված օրակարգ և չեն ընդունում անդամ֊երկրների համար պարտադիր որոշումներ։ Հրավիրվում են նաև արտաքին գործերի, ֆինանսների, պաշտպանության և մատակարարման մինիստրների խորհրդակցություններ։

Ա. բ. հ֊յան երկրները (բացի Կանադայից) մտնում են ստեռլինգային գոտու մեջ (տես Վալյուտային գոտիներ), և նրանց ու Մեծ Բրիտանիայի առևտրական հարաբերություններում գործում է պրեֆերենցիալ (արտոնյալ) մաքսերի համակարգը, որը սահմանվել է 1932-ին՝ Օտտավայի պայմանագրով։ Համակարգը թույլատրում է Ա. բ. հ֊յան երկրներից ներմուծվող ապրանքների մուտքը Մեծ Բրիտանիայի շուկան, առանց քվոտային սահմանափակումների և համեմատաբար ավելի ցածր մաքսերով, քան գանձվում է այլ պետություններից ներմուծվող նույնատիպ ապրանքների համար։ Դրանով անգլիական մոնոպոլիստները հայթայթում են էժան հումք ու սննդամթերք և, միաժամանակ համանման զիջումներ ստանալով Ա. բ. հ֊յան մյուս երկրներից, ապահովում իրենց տիրապետությունը նրանց շուկաներում։

Չնայած դրան, ԱՄՆ֊ի մոնոպոլիաներն արագորեն ներթափանցում են այդ երկրների և հենց իրեն՝ Մեծ Բրիտանիայի տնտեսության մեջ, որը սրում է անգլո֊ամերիկյան հակասությունները։ Սրվում են հակասությունները նաև Ա. բ. հ֊յան ներսում։ Դա հատկապես հստակորեն դրսևորվեց պրեմիեր֊մինիստրների 17-րդ խորհրդակցությունում (1969-ի հունվար, Լոնդոն)։ Հակասությունները կապված են ազգային֊ազատագրական պայքարի դեմ անգլիական իմպերիալիզմի հարուցած խոչընդոտների, Ա, բ. հ֊յան տարբեր երկրներում հետադիմական վարչակարգերի ստեղծմանը նպաստելու, դրանք հովանավորելու հետ (Գայանա, Արաբական թերակղզու հարավային մասի ֆեոդալական իշխանություններ ու շեյխություններ ևն)։ Ա. բ. հ֊յան անդամ ասիական և աֆրիկյան երկրները քննադատում են Մեծ Բրիտանիային՝ Աֆրիկայի որոշ երկրներից ասիական ծագում և բրիտանական անձնագիր ունեցող անձանց ներգաղթը Անգլիա սահմանափակելու, ռասայական խտրականության և հատկապես Հարավային Ռոդեզիայում սպիտակամորթ փոքրամասնության ստեղծած բռնակալական վարչակարգի հետ գործակցելու համար։ Հակասությունների սրման պատճառներից մեկն էլ Անգլիայի՝ «Ընդհանուր շուկա»֊ի մեջ մտնելու հանգամանքն է, որն սպառնում է վերացնել պրեֆերենցիալ մաքսերը։ Սուր հակասություններ կան նաև Ա. բ. հ֊յան առանձին երկրների միջև բրիտանական գաղութատիրությունից ժառանգություն մնացած տերիտորիալ վեճերի պատճառով (օր. Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությունը Քաշմիրի հարցում)։

Ա. բ. հ. իր ներքին հակասություններով հանդերձ մնում է որպես բրիտանական իմպերիալիզմի նեոգաղութատիրական քաղաքականության գործիք։