ՀՍՀ/ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ազգի պետական կազմավորման, իրավակարգի, ներքին և արտաքին քաղաքականության հարցերն ինքնուրույնաբար տնօրինելու, ընդհուպ մինչև այլ ազգերից անջատվելու և անկախ պետություն կազմելու իրավունք։ Ա. ի. ի. ապահովում է նաև ուրիշ ազգերի հետ միավորվելու ազատություն՝ ֆեդերատիվ հիմունքներով կամ ինքնավարության ձևով։ Որպես սկզբունք ծագել է XVIII–XIX դդ. բուրժուա֊դեմոկրատական հեղափոխությունների շրջանում։ Իմպերիալիզմի օրոք ազգերի ինքնորոշման հարցն աշխարհի բնակչության մեծամասնության համար դարձավ ճակատագրական։ Սկսվեց ազգային անկախ պետություններ ստեղծելու համար գաղութային ու կախյալ երկրների ժողովուրդների պայքարի նոր շրջան։ Մարքսիզմ֊լենինիզմը Ա. ի. ի. դիտում է որպես ազգային հարցի լուծման հիմնական պայման։ Ա. ի. ի. արտացոլված է ՍՄԿԿ Ծրագրում և համագումարների ու կոնֆերանսների որոշումներում։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) Վ. Ի. Լենինի ջանքերով Ա. ի. ի. մտցվեց կուսակցության ծրագրի մեջ՝ որպես պրոլետարիատի պահանջ։ Սովետական պետությունը Ա. ի. ի. ընդունեց իբրև ներքին և արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը։ Սովետական կառավարությունը ճանաչեց նախկին ռուսական կայսրության ժողովուրդների՝ իրենց քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Կոմունիստական կուսակցությունն ապահովեց բոլոր ազգերի, այդ թվում՝ հայ ժողովրդի Ա. ի. ի.։ 1917-ին Վ. Ի. Լենինը գրել է. «… մենք պարտավոր ենք իսկույնևեթ բավարարել ուկրաինացիների և ֆինլանդացիների պահանջները, ապահովել նրանց, ինչպես և բոլոր այլացեղերին Ռուսաստանում, լիակատար ազատություն, մինչև անջատման ազատությունը, կիրառել այդ նույն բանն ամբողջ Հայաստանի նկատմամբ…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 26, էջ 57–58)։ «Թուրքահայաստանի» մասին դեկրետում հռչակվեց Արևմտյան Հայաստանի հայ բնակչության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։
Սովետական պետության մեջ Ա. ի. ի., սահմանադրական սկզբունք է։ ՍՍՀՄ սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր միութենական հանրապետություն ունի ՍՍՀՄ֊ից դուրս գալու իրավունք։ Ա. ի. ի. աստիճանաբար վերաճել է միջազգային֊իրավական սկզբունքի, ստացել պետությունների համընդհանուր ճանաչում, մտել միջազգային իրավունքի բազմաթիվ գրավոր աղբյուրների, մասնավորապես՝ ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ։ Յուրաքանչյուր ազգ միջազգային իրավունքի պաշտպանությունն է վայելում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ա. ի. ի. իրավական նորմա է, պարտադիր ոչ միայն ՄԱԿ֊ի անդամ, այլև ոչ անդամ պետությունների համար։ Հետևաբար, որևէ ազգի ինքնորոշման իրավունքը ոտնահարելը միջազգային հանցագործություն է, որի համար մեղավոր պետության նկատմամբ պետք է կիրառվեն սանկցիաներ։
Գրկ․ տես Ազգ, Ազգային հարց հոդվածների գրականությունը։
