Jump to content

ՀՍՀ/ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱ, միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1919-ին, Փարիզի հաշտության կոնֆերանսում։ Սկսել է գործել 1920-ի հունվարի 10-ից։ Ըստ կանոնադրության, Ա. լ֊ի ղեկավար մարմիններն էին՝ ասամբլեան, խորհուրդը և քարտուղարությունը՝ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Ուներ մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, ինքնավար մարմիններ (Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Արդարադատության միջազգային մշտական պալատ ևն)։ Աշխատատեղին Ժնևն էր, պաշտոնական լեզուները՝ անգլերենն ու ֆրանսերենը։ Կանոնադրության համաձայն Ա. լ. կոչված էր առաջին համաշխարհային պատերազմից հետո պահպանել միջազգային խաղաղությունը։ Գործնականում ջանում էր ամրապնդել հաղթանակած տերությունների տիրապետությունը նվաճված տերիտորիաներում։ Ա. լ. իմպերիալիստական հակամարտությունների ասպարեզ էր հատկապես Անգլիայի և Ֆրանսիայի միջև։ Արևմտյան կիսագնդի գործերին մյուս պետությունների միջամտությունը կանխելու նպատակով ԱՄՆ֊ը չմտավ Ա. լ֊ի մեջ և չվավերացրեց վերսալյան սիստեմի պայմանագրերը։ Ա. լ. թշնամական դիրք գրավեց Սովետական Ռուսաստանի նկատմամբ՝ աջակցելով Անտանտի ինտերվենցիային։

1930-ական թթ. միջազգային լարված իրադրության մեջ Ա. լ. անկարող գտնվեց պահպանել խաղաղությունը։ Ագրեսիա սկսելու դիտավորությամբ 1933-ի մարտին Ճապոնիան, իսկ հոկտեմբերին Գերմանիան դուրս եկան լիգայից։ Ա. լ. հանուն խաղաղության օգտագործելու նպատակով՝ ՍՍՀՄ֊ը 34 անդամ֊պետությունների հրավերով մտավ լիգա (1934)։ Սակայն իմպերիալիստական շրջանները ձախողեցին ՍՍՀՄ֊ի ջանքերը։ Ա. լ. «չմիջամտելու» դիրք բռնեց, երբ Իտալիան զավթեց Եթովպիան (1935–36), Գերմանիան օկուպացրեց Հռենոսի ապառազմականացած գոտին (1936), Իտալիան և Գերմանիան ինտերվենցիա կազմակերպեցին Իսպանիայի դեմ (1936–39)։ Ա. լ֊ի թողտվությամբ ճապոնական զորքերը ներխուժեցին Չինաստան (1937), Գերմանիան զավթեց Ավստրիան (1938) և Չեխոսլովակիան (1939)։ Քանի որ ՍՍՀՄ֊ը Ա. լ֊ում մերկացնում էր ագրեսորների նկատմամբ արևմտյան տերությունների թողտվության քաղաքականությունը, նրանց համար Սովետական Միության մասնակցությունը դարձավ անցանկալի։ 1939-ի դեկտեմբերին Ֆինլանդիայի դեմ ագրեսիայի կեղծ մեղադրանքով նրանք ՍՍՀՄ֊ին հեռացրին Ա. լ֊ից։ Ա. լ. փաստորեն դադարեց գոյություն ունենալուց, թեև ձևականորեն մնաց մինչև 1946-ի ապրիլի 18-ը, երբ պաշտոնապես լուծարքի ենթարկվեց։

Ա. լ. բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ Հայաստանը Ա. լ֊ի մեջ ընդունելու, մանդատ սահմանելու, 1920-ի հայ֊թուրքական պատերազմի, Թուրքիայի կազմում «Հայկական օջախ» ստեղծելու և հայերին «օգնելու» կապակցությամբ։ Հայաստանը Ա. լ֊ի անդամ ընդունելու հարցը առաջ քաշվեց 1920-ի մայիսին, քննարկվեց մի քանի ամիս և մերժվեց այն պատճառաբանությամբ, թե նա որպես «պետություն դեռևս լեգալ գոյություն չունի և չի կարող միջազգային պարտավորություններ ստանձնել»։ Իրականում պատճառն այլ էր։ Ըստ Ա. լ֊ի կանոնադրության 10-րդ հոդվածի, նրա անդամները պարտավոր էին հարգել ու պահպանել լիգայի բոլոր անդամների տերիտորիալ ամբողջականությունը և քաղաքական անկախությունը։ Պաշտպանելով Թուրքիային՝ Անտանտի տերությունները չէին ցանկանում երաշխավորել Հայաստանի գոյությունը։ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ֊ի մանդատի (տես Հայաստանի մանդատ) հարցը Ա. լ֊ում բարձրացվել է 1919-ին։ Սակայն իրադարձությունների ընթացքը Մերձավոր Արևելքում, ապա Հայաստանում սովետական կարգերի հաստատումը խափանեցին Հայաստանը գաղութացնելու ամերիկյան պլանները։ 1920-ի հոկտեմբերին, երբ քեմալական ագրեսիան սպառնում էր Հայաստանի գոյությանը, Հայաստանի Հանրապետությունը օգնության խնդրանքով դիմեց Ա. լ֊ին։ Երկար ու ձիգ քննարկումներից հետո Ա. լ֊ի խորհուրդը նոյեմբերի 25-ին իր հերթին որոշեց դիմել անդամ֊պետություններին և ԱՄՆ֊ին, որպեսզի իմանա, թե ով է համաձայն առանձին կամ մյուսների հետ միասին հարկ եղած միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի և քեմալականների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ ԱՄՆ֊ի պրեզիդենտ Վ. Վիլսոնը խոստացավ միայն «բարի միջնորդության ծառայություն», այն էլ՝ «մեծ տերությունների բարոյական ու դիվանագիտական աջակցության» դեպքում։ Քննարկելով հարցը՝ Ա. լ֊ի ասամբլեան դեկտեմբերի 16-ի բանաձևում հայտնեց իր հավաստիացումը, թե իբր Միացյալ Նահանգների ջանքերը «հայ ժողովրդին փրկություն կբերեն և Հայաստանը կապահովեն կայուն կառավարությամբ, որը և իշխանություն կիրականացնի պետության ամբողջ տերիտորիայում ու սահմաններում, որոնք կորոշվեն Սևրի պայմանագրով»։ Այս բանաձևը ևս ոչինչ չտվեց հայ ժողովրդին։ Ա. լ. Հայկական հարցին նորից անդրադարձավ 1922-ին, իբր նրա համար, որպեսզի Թուրքիայի հետ բանակցությունների դեպքում ուշադրությունից չվրիպի հայերի «ազգային օջախ» ստեղծելու խնդիրը։ Ա. լ. խոստացավ օգնել Հայաստանին՝ ոռոգելու հողերը և տեղավորելու հայ տարագիրներին։ Սակայն դրա փոխարեն ստեղծեց գաղթականական հանձնաժողովներ, սահմանեց նանսենյան անձնագիր և տարագիրներին «հայրենազուրկ» հայտարարեց։ Գաղթականական գործերի կոմիսար Ֆ. Նանսենը վերջնականապես համոզվելով, որ Ա. լ. անընդունակ է լուծել հայ տարագիրների հարցը, 1929-ին առաջարկեց դադարեցնել նրա քննարկումը․ սեպտեմբերի 21-ին ասամբլեան այն հանեց օրակարգից։ Ա. Եսայան