Jump to content

ՀՍՀ/ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 1 (տեսածրված) • 1975

ԱԶԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ, ստեղծվել է ՌՍՖՍՀ կառավարության կազմում, Սովետների Համառուսաստանյան 2-րդ համագումարի որոշմամբ, 1917-ի հոկտ. 26-ին (նոյեմբ. 8-ին), Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ։ Իր աշխատանքում առաջնորդվում էր կոմունիստական կուսակցության ազգային քաղաքականության սկզբունքներով, որոնք արտացոլված էին Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայում և Աշխատավոր և շահագործվող ժողովրդի իրավունքների դեկլարացիայում: Ա. գ. ժ. կ֊ի գլխավոր խնդիրներն էին՝ նպաստել ազգային շրջաններում սովետական իշխանության հաստատմանը, պետական կառուցվածքի նոր ձևերի և սկզբունքների զարգացմանը։ Ներկայացնում էր ինքնավար հանրապետությունների և մարզերի շահերը բյուջետային և օրենսդրական հարցերի քննարկման ժամանակ, պաշտպանում ազգային փոքրամասնությունների իրավունքները, հավաքում և ուսումնասիրում ազգությունների ու ցեղերի կյանքին վերաբերող նյութերը, նոր ինքնավար միավորներ կազմավորելու մասին առաջարկություններ մտցնում ՌՍՖՍՀ Կենտգործկոմ և ժողկոմսովետ։ Ա. գ. ժ. կ. ծայրամասերի ճնշված ժողովուրդներին աջակցում էր թոթափելու շահագործողների լուծը։ 1917-ի դեկտեմբերին ՌՍՖՍՀ Ժողկոմսովետի որոշմամբ Ա. գ. Ժ. կ֊ի կազմում ստեղծվել են 6 կոմիսարիատներ՝ բելոռուսական, լատիշական, լեհական, հայկական (տես Հայկական գործերի կոմիսարիատ), հրեական ու մահմեդական և 12 բաժիններ՝ գերմանական, զիրյանական, էստոնական, կալմիկական, կիրգիզական, Կովկասի լեռնցիների, հարավային սլավոնների, մարիական ժողովուրդների, չեխոսլովակների, չուվաշական, վոտկինյան և ուկրաինական։ Համառուսաստանյան Կենտգործկոմի 1923-ի հուլիսի 7-ի որոշման մեջ նշված է, որ Ա. գ. ժ. կ. հիմնականում ավարտել է ազգային հանրապետություններ և մարզեր կազմավորելու և նրանց ՍՍՀՄ կազմում միավորելու նախապատրաստական աշխատանքները։ 1924-ի ապրիլի 9-ին Ա. գ. ժ. կ. վերացվեց։ Ա. գ. ժ. կ֊ի ժողկոմ է եղել Ի. Վ. Ստալինը։ Հայկական գործերի կոմիսարիատը գլխավորել է Վ. Ա. Ավանեսովը։

Գրկ. Լենին Վ. Ի., Երկ., հ. 26, էջ 289–315։ Ալիխանյան Ս. Տ., Հայկական գործերի կոմիսարիատի գործունեությունը, Ե., 1958։ Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1970։ Народный Комиссариат по дедам национальностей, шесть лет национальной политики Советской власти и Наркомнаца, 1917—1923 гг. (вместо отчёта), М., 1924. Справочник Народного Комиссариата по делам национальностей, М., 1921.