Jump to content

ՀՍՀ/ԱԶԳ (ԳԵՐԴԱՍՏԱՆ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԳ, գերդաստանի ճյուղավորման հետևանքով կազմավորված արյունակից ընտանիքների խումբ։ Ա. էթնիկական միավոր է, երևան է եկել տոհմի քայքայման շրջանում։ Ա. փոփոխվում է հասարակության զարգացմանը զուգընթաց, աստիճանաբար կորցնում նախնական հատկանիշները։ Ա. հայտնի է նաև պատրոնիմիա անունով՝ համընդհանուր շատ ժողովուրդների համար։

Հին Հայաստանում, երբ արտադրության միջոցները վերածվում էին մասնավոր սեփականության, Ա. այլևս չէր կարող դիտվել իբրև ինքնուրույն տնտեսական միավոր։ Այդպիսին էր ընտանիքը։ Սակայն Ա. պահպանում էր տնտեսական ընդհանրությունը, որն արտահայտվում էր արտադրության թանկ գնահատվող միջոցների համայնական օգտագործմամբ, աշխատատար պրոցեսների կոլեկտիվ կազմակերպմամբ։ Ա. հատկանշվում էր նաև տերիտորիալ միասնությամբ։ Յուրաքանչյուր Ա. գրավում էր առանձին թաղամաս, իսկ երբեմն էլ՝ գյուղ։ Ա֊ի միասնությունն արտահայտվում էր նրա ընդհանուր անվամբ, որը ժառանգված էր Ա֊ի հիմնադիր նախնու անունից, միասնական գերեզմանոցով, առանձին գյուղերում՝ անգամ միացյալ սրբատեղիներով։ Ա֊ի հասարակական միասնության արտահայտություն էր արյան վրեժի սովորույթը։ Ա. սովորաբար հաշվվում է յոթ սերունդ («պորտ»)՝ արական գծով։ Ա. հայերի մեջ պահպանվել է սոցիալ֊տնտեսական տարբեր հարաբերությունների համակարգում և նշանակալի դեր խաղացել նրանց կյանքում։

Ա֊ի մասին կողմնակի վկայություններ կան Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի, Թովմա Արծրունու և այլոց երկերում։

Գրկ. Карапетян Э. Т., Родственная группа «Азг» у армян, Е., 1966. Է. Կարապետյան