Jump to content

ՀՍՀ/ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հարավ֊արևելքում։ Կազմվել է 1931-ի հոկտեմբերի 15-ին։ 1951–1956-ին ընդգրկում էր նաև Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձորի) շրջանը։ Տարածությունը 1173,8 կմ² է։ Կենտրոնը՝ Ազիզբեկով։

Բնական պայմանները։ Ա. շ. գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ավազանում։ Մակերևույթը լեռնոտ է։ Հս֊արմ֊ում բարձրանում է Թեքսարի լշ֊ն, արմ֊ում՝ Վայոցսար հանգած հրաբուխը (2581 մ), արլ-ում ձգվում է Զանգեզուրի լշ-ն, իսկ հվ֊ում՝ Վայքի լշ-ն (Գոգի լ., 3120 մ)։ Որոտանի լեռնանցքով (2344 մ) Ա.շ. կապված է Զանգեզուրի հետ։ Տերիտորիայի ամենացածր կետը 1200 մ է (Արփայի հովտում), ամենաբարձրը՝ 3522 մ (Վարդենիս լ.)։ Ա. շ-ի տերիտորիայի մի մասը ծածկված է լավային հոսքերով, որոնց վրա տեղ-տեղ տարածված են քարակարկառներ։ Լավային արտավիժումներից առաջացել են բարձրադիր սարավանդներ, որոնցից մեկի վրա էլ գտնվում է Ջերմուկ առողջարանը։ Ցածրադիր գոտուն բնորոշ են նաև վատահողերը (բեդլենդներ)։ Կլիման ըստ բարձրության փոխվում է չափավոր տաքից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է 2°C-ից մինչև 10°C, հունվարին բարձրադիր մասերում՝–10°C, ցածրադիր վայրերում՝ —5°C, հուլիսինը՝ համապատասխանաբար 12° և 26°C, բացարձակ նվազագույնը՝ —35°C, առավելագույնը՝ 41°C։ Անսառնամանիք օրերի թիվը՝ 90–210; Տարեկան տեղումները՝ 500–800 մմ։ Խոշոր գետը Արփան է՝ Փշոնք, Դարբ, Հեր֊Հեր ևն վտակներով, ջրերն օգտագործվում են էլեկտրաէներգիա ստանալու և ոռոգման համար։ Նշանավոր է Ջերմուկի ջրվեժը: Ա. շ֊ի տերիտորիայի 60,5% ծածկված է քարքարոտ հողերով։ Չոր տափաստանային շագանակագույն հողերը դեպի վեր փոխվում են սևահողերի, ավելի բարձր՝ ենթալպյան լեռնամարգագետնային դարչնագույն հողերի։ Բուսականությունը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության՝ չոր տափաստանայինից մինչև ձյունամերձը։ Ա. շ. ունի 5632 հա անտառ (կաղնի, հացենի, գիհի և վայրի պտղատու ծառատեսակներ), 712 հա թփուտներ, հիմնականում Ջերմուկ առողջարանի և Սարավան–Հեր֊Հեր–Արտավան գյուղերի շրջակայքում։ Վայրի կենդանիներից հանդիպում են՝ վարազ, գորշ արջ, գայլ, աղվես, մուֆլոն, կան սողուններ, զանազան թռչուններ; Արփան հայտնի է կարմրախայտով։ Օգտակար հանածոներից են՝ շինարարական քարը (ֆիլզիտային տուֆ, բազալտ), ավազը, հրաբխային խարամը։ Կան ոսկու, ծարիրի, արծաթի, բազմամետաղների, մանգանի հանքավայրեր, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։ Հարուստ է հանքային ջրերով (Ջերմուկ)։

Բնակչությունը: Ա. շ֊ում բնակվում է (առանց հանրապետական ենթակայության Ջերմուկ քաղաքի և վարչականորեն նրան ենթարկվող Կեչուտ գյուղի) 14974 մարդ (1972), հայեր (80%), ադրբեջանցիներ (19%)։ ՀՍՍՀ նոսր բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 12,8 մարդ։ Ունի 21 (1970) բնակավայր, որոնցից քաղաքատիպը Ազիզբեկովն է։

Պատմական ակնարկ։ Ա. շ֊ի տերիտորիան հնում մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի մեջ՝ կազմելով Վայոց ձոր գավառի արլ. հատվածը։ Եղեգնաձորի հետ Ա. շ. IX–X դդ. Սյունիքի կենտրոնական շրջաններից էր։ Այստեղ նախ տնօրինում էր Սյունյաց նախարարական տան մի ճյուղը, իսկ XI–XIV դդ.՝ Օրբելյան ու Պռոշյան իշխանները։ XIX դ. Ա. շ. մտնում էր Երևանի նահանգի Շարուր֊Դարալագյազի գավառի մեջ։ Այստեղով էին անցնում Սուլեմա քարավանատնից և Արաքսի հովտից Արփայի ափով եկող ճանապարհները, որոնք միանում էին Արփա (այժմ՝ Արենի) գյուղում։ Արփայի հովտից ճանապարհը Որոտանի լեռնանցքով տանում էր Զանգեզուր, ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Խանքենդ (Ստեփանակերտ) և Եվլախ (այժմ՝ Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս–Ստեփանակերտ–Եվլախ խճուղին)։

Մինչև սովետական կարգերի հաստատումը Ա. շ. Հայաստանի առավել հետամնաց շրջաններից էր։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր և երկրագործությունը։

Սովետական իշխանության հաստատումից հետո մեծ ջանքեր էին պահանջվում Ա. շ֊ի տնտեսական և մշակութային շինարարության ասպարեզում։ Սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլերն ընդհատվեցին դաշնակցականների 1921-ի Փետրվարյան խռովության հետևանքով։ 1921-ի հունիսին Ա. շ֊ում վերջնականապես հաստատվեց սովետական իշխանություն; Այն ժամանակ և մինչև 1929 Ա. շ. մտնում էր Դարալագյազի գավառի մեջ որպես Փաշալուի գավառակ, իսկ կուսկազմակերպությունները՝ Դարալագյազի գավառային կուսկազմակերպության մեջ։ Ա. շ֊ի տերիտորիայում առաջին կուսակցական բջիջները ձևավորվել են Բարձրունի (Սուլթանբեկ), Հորատիս (Գորադիս), Մարտիրոս, Զառիթափ (Փաշալու), Խնձորուտ (Ալմալու), Սերս գյուղերում, 1921-ի մայիս֊հունիս ամիսներին։ 1931-ին Դարալագյազի շրջանի լիկվիդացումից և Ա․ շ֊ի կազմավորումից հետո ձևավորվեց շրջանային կուսկազմակերպությունը։ 1931-ի հոկտեմբերին Ա. շ֊ի կուսակցական կազմակերպությունն անջատվեց Դարալագյազի շրջանային կազմակերպությունից: 1935-ի հունվարին շրջանում կար 24 կոլտնտեսություն, որոնք միավորում էին 1359 տնտեսություն կամ շրջանի բնակչության 40,3%։ Կոլեկտիվացումը հիմնականում ավարտվեց 1936-ին։ 1937-ի սկզբին կոլեկտիվ տնտեսություններն արդեն միավորում էին բոլոր տնտեսությունների 97%:

Կոլտնտեսությունների տնտեսական ու կազմակերպչական ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ ՄՏԿ֊ի կազմակերպումը (1938)։

Մինչև 1930-ական թթ. կեսերը հիմնականում վերացավ անգրագիտությունը։ Եթե 1931-ին գրագիտության տոկոսը 21,4 էր, ապա 1935-ին հասավ մոտ 90-ի։ 1922-ին կար մեկ պետական դպրոց Զառիթափում՝ մի քանի տասնյակ աշակերտներով, իսկ 1936/37 ուս. տարում դրանց թիվը հասավ 31-ի (1 լրիվ միջնակարգ, 11 ոչ լրիվ միջնակարգ և 19 տարրական)՝ 3535 աշակերտով։ Բացի դպրոցներից ձմռան ամիսներին բոլոր գյուղերում գործում էին լիկկայաններ։ 1935-ին կար 9 խրճիթ֊ընթերցարան՝ գրադարաններով, երեք կոլտնտեսային ակումբ և 5 մանկապարտեզ։ Առաջին հիվանդանոցը՝ 25 մահճակալով, բացվեց Զառիթափում։ Գործում էին նաև բուժկայան և ախտահանիչ կայան։ 1924–1928-ի երկրաբանական հետազոտությունները հայտնաբերեցին արծաթակապարային ամբողջ հանքաշերտեր Գյումուշխանա նախկին բնակավայրի, մոտ գտնվող հանքավայրում, որը հայտնի էր և մասամբ շահագործվում էր դեռ պարսկական տիրապետության ժամանակներից։ Սակայն արդյունաբերությունը մնում էր թույլ զարգացած։ Զգալի չափով բարելավվեցին հաղորդակցության ճանապարհները։ Սովետական կարգերի հաստատումից հետո կառուցվեց 64 կմ երկարությամբ Միկոյան (այժմ՝ Եղեգնաձոր)–Բազարչայ խճուղին, որը շրջանը կապեց հանրապետության արդ. կենտրոնների և հարևան Սիսիանի շրջանի ու ողջ Զանգեզուրի հետ։ Կառուցվեցին նաև շրջանը Ջերմուկի զարգացող առողջավայրի հետ կապող Չայքենդ–Ջերմուկ և Նախիջևանի ԻՍՍՀ տանող Ազիգբեկով–Գյուլստան ճանապարհները։

Ա. շ֊ի գյուղատնտեսության գլխավոր ճյուղն է անասնապահությունը։ Հողատարածության մեծ մասը՝ 86,7 հզ. հա կամ ողջ հողերի 71,5%, կազմում էին արոտավայրերը, մինչդեռ վարելահողերը 15,2 հզ. հա էին կամ բոլոր հողերի 12%։ 1934-ին շրշանում կար 1378 ձի, 7163 գլուխ խոշոր եղջերավոր անասուն (այդ թվում՝ 1804 կով), 17.668 ոչխար և 8812 այծ։ Մեղվաբուծությունը տարածված էր ամբողջ շրջանում։ Ցածր էր աշխատանքի արտադրողականությունը. մեկ կովի տարեկան միջին կաթնատվությունը 350–500 կգ էր, ոչխարների բրդատվությունը՝ 0,7–0,8 կգ, ծխախոտի բերքատվությունը 1 հա-ից՝ 4–5 ց։ Նախապատերազմյան տարիներին Ա. շ֊ի կուսակցական ու սովետական մարմինները մեծ աշխատանք տարան գյուղատնտեսական արտադրության ինտենսիվացման, նրա կառուցվածքի փոփոխման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ուղղությամբ։ Շրջանն ուներ բնակլիմայական նպաստավոր պայմաններ ծխախոտագործության և պտղաբածության զարգացման համար։ Սակայն մինչև 30-ական թթ. կեսերը երկրագործության մեջ հիմնականը հացահատիկի (ցորեն, գարի) մշակությունն էր։ 1934-ին հացահատիկի ցանքատարածությունները կազմում էին ողջ ցանքատարածությունների 98,7% (11,22 հզ. հա), որից ցորենինը՝ 74,4% (8,57 հզ. հա), տեխնիկական կուլտուրաներինը՝ 0,6% (0,07 հզ. հա), բանջարանոցայիններինը՝ 0,2% (0,02 հզ. հա), կարտոֆիլինը՝ 0,1% (0,01 հզ. հա), կերաբույսերինը՝ 0,4% (0,05 հզ. հա)։ Կոլեկտիվացումից հետո ցանքաշրջանառության մեջ մտան տեխնիկական, կերային ու բանջարանոցային բույսեր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա. շ֊ից հազարավոր մարդիկ, այդ թվում 200 կոմունիստ՝ շրջանի բոլոր կոմունիստների ավելի քան կեսը, մեկնեցին ռազմաճակատ։ Մոտ 1500 ազիզբեկովցիներ զոհվեցին պատերազմում։ Ետպատերազմյան տարիներին կառուցվեցին արդ. ձեռնարկություններ՝ Ջերմուկի հանքային ջրերի, կաթի, հացի, Ազիզբեկովի պանրի, էլեկտրաապարատների գործարանները, կենցաղսպասարկման կոմբինատը (կարի, կոշիկի և այլ արտադրամասերով)։ Կառուցվեց երկու հիդրոէլեկտրակայան։ Սկսեց արագորեն զարգանալ շինանյութերի արտադրությունը։ Կառուցվեց Ջերմուկ քաղաքը, կառուցապատվեց և բարեկարգվեց շրջկենտրոնը։ 1964-ին ավարտվեց շրջանի բոլոր գյուղերի էլեկտրիֆիկացումը։ Կեչուտ գյուղի մոտ 1963-ին սկսվեց Արփա–Սևան ջրատար թունելի շինարարությունը։ Միջոցներ ձեռնարկվեցին հացահատիկի բերքատվությունը բարձրացնելու համար։ Ընդլայնվեց գյուղատնտեսական մեքենաների պարկը։

Աճել և կազմակերպչորեն ամրապնդվել է Ա. շ֊ի կուսակցական կազմակերպությունը։ 1926-ին նրա շարքերում կար 72, 1933-ին՝ 216, 1941-ի ապրիլին՝ 362, հոկտեմբերին (զորահավաքից հետո)՝ 191, 1948-ին՝ 472, 1965-ին՝ 759 կոմունիստ։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ֊ում կար 74 սկզբնական կուսկազմակերպություն՝ 1027 կոմունիստներով, 79 կոմերիտական սկզբնական կազմակերպություն՝ 2780 կոմերիտականներով։ Ա. շ֊ի կուսակցական կազմակերպությունը 1922–71-ին ունեցել է 31 կոնֆերանս։ Շրջանի տերիտորիայում կան տարբեր ժամանակների նյութական մշակույթի կոթողներ՝ վանքեր ու եկեղեցիներ։ Նշանավոր են Գնդեվանքը (936), Մարտիրոսի վիմաֆոր եկեղեցին (1280), Ս. Սիոնի վանքը (Հեր֊Հերի մոտ, X–XIII դդ.), Գոմուրի մատուռ֊դամբարանը (1263), Կարմրաշենի մահարձանները, հնագույն կիկլոպյան կառույցների մնացորդներ ևն։

Տնտեսությունը։ Ա. շ. գյուղատնտեսական֊արդյունաբերական շրջան է։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են 38230 հա, որից 9100 հա՝ վարելահողեր։ Մշակովի հիմնական կուլտուրաներն են հացահատիկը (4000 հա) և ծխախոտը (190 հա)։ Ունի 350 հա պտղատու այգի։ Ոռոգելի հողատարածությունները (3100 հա) հատկացված են այգեգործությանը, կերային կուլտուրաներին, հացահատիկին, ծխախոտին և բանջարաբոստանային բույսերին։ Գնդեվազի ջրանցքը (22 կմ), որը սնվում է Որոտան գետից և կառուցվել է 1098-ին, ոռոգում է մոտ 500 հա։ Բազմաթիվ առուներ են անցկացված Արփա, Հեր–Հեր, Դարբ, Փշոնք, Ջուլ և մյուս գետերից։ Գործում են Բարձրունու, Սերսի, խնձորուտի և Հեր֊Հերի ջրհան կայանները (ոռոգում են 169 հա), Արփա գետի վրա կառուցվում է (1969) Ազատեկի ջրհան կայանը (750 լ/վրկ), որը ոռոգելու է 1500 հա։ Ա. շ. ունի 69,1 հզ. գլուխ մանր և 14,7 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անասուն (1972), տարածված է մեղվաբուծությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է անասնապահության, պտղաբուծության և ծխախոտագործության գծով։ Արդյունաբերական ձեռնարկությունները հիմնականում գտնվում են շրջկենտրոնում։ Ամենամեծը Երևանի «Հայէլեկտրո» գործարանի մասնաճյուղն է, որը 1972-ին տվել է 1,8 մլն. ռ. արտադրանք։ Ազիզբեկովի և Ջերմուկի ՀԷԿ֊երը տարեկան արտադրում են 5 մլն. կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Տարեկան արտադրվում է մոտ 350 տ պանիր («Եղեգնաձոր», «Լոռի», «Բրինզա»)։ Շինանյութերից արդյունահանվում են քար, ավազ։ Ա. շ. արտահանում է պանիր, էլեկտրաապարատներ, շինանյութեր։ Երկաթուղային ամենամոտ կայարանը Երասխն է։ Խճուղային ճանապարհները՝ 282 կմ, որից միութենական նշանակության՝ 33, կմ, հանրապետական՝ 125 կմ։ Ազիզբեկովից Ջերմուկ, Սիսիան, Կարմրաշեն և Երևան տանող ճանապարհներն ասֆալտապատ են։ Ա. շ. Երևանի հետ կապված է նաև օդային երթուղով։

Առողջապահությունը։ Ա. շ֊ում գործում է 3 հիվանդանոց՝ 115 մահճակալով, 17 բուժկայան։ Ունի 21 բժիշկ և 121 միջին բուժաշխատող (1972)։ Մշակույթը։ 1972/73 ուս. տարում գործել են 8 միջնակարգ, 11 ութամյա, 2 տարրական դպրոցներ (4304 աշակերտ, 308 ուսուցիչ), միջնակարգ հանրակրթական կրթությամբ պրոֆտեխնիկական ուսումնարան (120), 3 մսուր-մանկապարտեզ (215 երեխա), 4 մշակույթի տուն, 18 ակումբ, 21 մասսայական գրադարան, 14 կինո։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են։ Լույս է տեսնում «Ջերմուկ» շրջանային թերթը։

Պատկերազարդումը տես աղ. V, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Ազիզբեկովի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ազատեկ գյուղ 122 571
Ազիզբեկով քտա - 2729
Ախտա գյուղ 65 358
Արտավան գյուղ 105 468
Բարձրունի գյուղ 103 556
Գյուլստան գյուղ 41 249
Գնդեվազ գյուղ 184 963
Գոմուր գյուղ 116 582
Դայլախլու գյուղ 58 246
Զառիթափ գյուղ 309 1533
Զեյթա գյուղ 48 236
Խնձորուտ գյուղ 165 616
Կապույտ գյուղ 71 368
Կարմրաշեն գյուղ 387 1140
Հեր-Հեր գյուղ 160 929
Հորատիս գյուղ 23 49
Մարտիրոս գյուղ 249 1197
Սարավան ավան 118 511
Սերս գյուղ 83 424
Փոռ գյուղ 34 116
Քոչբեկ գյուղ 91 564

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։ Ա. Հովհաննիսյան, Ֆ. Հովհաննիսյան