ՀՍՀ/ԱԶԻԶԲԵԿՈՎ ՄԵՇԱԴԻ ԱԶԻՄԲԵԿ ՕՂԼԻ
ԱԶԻԶԲԵԿՈՎ Մեշադի Ազիմբեկ օղլի (1876–1918), Անդրկովկասում հեղափոխական շարժման գործիչ, ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ՍՄԿԿ անդամ 1898-ից։ Ծնվել է հունվարի 6-ին, Բաքվում, որմնադիր բանվորի ընտանիքում։ Ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը և Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը (1908)։ Իբրև հեղափոխական Ա. առաջին մարտական մկրտությունն ստացել է 1897-ին, Պետերբուրգում՝ գլխավորելով «տեխնոլոգիականների» ելույթը բողոքի ցույցի ժամանակ, որը ծագել էր ձերբակալված ուսանողուհու ինքնասպանության պատճառով։ Ցույցի մի խումբ կազմակերպիչների հետ Ա. ձերբակալվել և նետվել է «Կրեստի» բանտը։ Հետագայում, լինելով IV կուրսի ուսանող, Ա. կրկին բանտ է նետվել հեղափոխական գործունեության համար։ Ակտիվորեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը։ «Հումմեթ» ս֊դ. խմբի ղեկավարներից մեկն էր։ 1906-ին Բաքվում կազմակերպել է «Ազատության դրոշ» բանվորական մարտական ջոկատը և պայքարել ազգամիջյան կոտորածներ հրահրելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Ռեակցիայի տարիներին Ա. մեծ դեր է խաղացել Ադրբեջանի բանվորների և մտավորականության առաջադեմ մասի մարքսիստական դաստիարակության գործում։ 1910-ին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի անդամ, պաշտպանել աշխատավորների շահերը։ Լինելով «Նիջաթ» («Ազատագրում») կուլտուր֊լուսավորչական ընկերության նախագահի տեղակալ՝ Ա. հեղափոխական անլեգալ աշխատանքը հմտորեն զուգակցել է լեգալ գործունեության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն պայքարել է իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու լենինյան լոզունգի կենսագործման համար։ 1915-ին ընտրվելով «Գաղթականների օգնության կոմիտեի» նախագահի տեղակալ՝ զբաղվել է թուրքական բարբարոսներից հալածված և տարբեր վայրերից Բաքու գաղթած հայ բնակչությանը օգնելու հարցով։ 1917–18-ին Ս. Շահումյանի, Ա. Ջափարիձեի, Ի. Ֆիոլետովի և ականավոր մյուս բոլշևիկների հետ միասին գլխավորել է Ադրբեջանում և ամբողջ Անդրկովկասում սովետական իշխանություն հաստատելու համար մղված պայքարը։ 1917-ին ընտրվել է Բաքվի բանվորների դեպուտատների սովետի անդամ։ 1918-ի մարտին մասնակցել է սովետական իշխանության դեմ ուղղված մուսավաթական խռովության ջախջախմանը և Բաքվի կոմունայի հաստատմանը։ Բաքվի ժողկոմսովետում Ա. նահանգական կոմիսար էր և ներքին գործերի ժողկոմի տեղակալ։ 1918-ի մայիսից Ա. միաժամանակ վարել է Բաքվի գավառի գյուղացիների դեպուտատների սովետի գործկոմի նախագահի պաշտոնը։ Մասնակցել է թուրք֊գերմանական զավթիչների դեմ Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո (1918-ի հուլիսի 31) Բաքվի 26 կոմիսարների թվում Ա. ձերբակալվել և անգլիական զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով 1918-ի սեպտ. 20-ին գնդակահարվել է Ախչա֊Կումայի ավազուտներում։ Ա֊ի անունով են կոչվում քաղաքային շրջան՝ Բաքվում, գյուղական շրջան, շրջկենտրոն և գյուղ՝ Հայկական ՍՍՀ֊ում։ Երևանում Ա֊ի անունը կրող հրապարակում դրված է նրա կիսանդրին։
Գրկ Բուրջալով Է., Բաքվի քսանվեց կոմիսարները, Ե., 1939։ Կազիև Մ., Մեշադի Ազիզբեկովի կյանքն ու ռևոլյուցիոն գործունեությունը, Ե., 1958; Азизбекова П. А., Мешади Азизбеков (1876—1918), Баку, 1966; Гарибджанян Г. Б., В. И. Ленин и большевики Закавказья, М., 1971.
