Jump to content

ՀՍՀ/ԱԶԻՄՈՎ ԱՅԶԵԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶԻՄՈՎ (Asimov) Այզեկ (ծն. 1920), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ գրքերի հեղինակ։ Ծնվել է հունվարի 2-ին, Բելոռուսիայում, Պետրովիչի ավանում։ 1923-ին ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Ա. ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Կրթությամբ բիոքիմիկոս է. բիոքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ «Վեստայում լքվածները» (1939) և «Ես ռոբոտ եմ» (1950) գիտաֆանտաստիկ գրքերում գործում են «արհեստական խելացի էակներ»։ «Հավիտենականության վախճանը» (1955) վեպի թեման հասարակության կողմից կառավարվող տեխնոկրատ գիտնականների ճանապարհորդությունն է դեպի ժամանակի խորքերը։ Հայտնի են Ա-ի «Կենսաբանության համառոտ պատմություն» (1965), «Նեյտրինո» և «Տիեզերք» (1966) գիտա֊մասսայական երկերը։ Ա. գրել է նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի մասին գրքեր։