Jump to content

ՀՍՀ/ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԶՆԱՎՈՒՐ Շառլ (Ազնավուրյան Վաղինակ Միքայելի, ծն. 1924), հայազգի ֆրանսիական երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան։ Ծնվել է մայիսի 22-ին, Փարիզում։ Ծնողների շնորհիվ մանկությունից ծանոթացել է Սայաթ֊Նովայի, հայ տաղերգուների, Օմար Խայամի ստեղծագործություններին։ Գրել է ֆրանսերեն բանաստեղծություններ, 1944-ին ստեղծել իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ»։ 1946-ին Է. Պիաֆի հովանավորությամբ «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ համերգային շրջագայություն է կատարել Ֆրանսիայում և Շվեյցարիայում։ Երգեր է գրել երգիչներ Է. Պիաֆի, Ժ. Բեկոյի, Է. Կոնստանտինի և այլոց համար։ 1953-ին Է. Պիաֆի խմբի հետ մեկնել է Մարոկկո, որտեղ մեծ ընդունելություն է գտել։ 1959-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում հաջող ելույթից հետո Ա. արժանացել է համընդհանուր ճանաչման։ Իր նվագախմբով ելույթներ է ունենում աշխարհի շատ բեմահարթակներում։ 1964-ին համերգներ է տվել Երևանում։

Ա֊ի ստեղծագործությունը բանաստեղծության, երգ֊երաժշտության (նուրբ գործիքավորմամբ), դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է։ Ա֊ի երգերն ակունքներով կապված եև ֆրանսիական շանսոնների և հայկական տաղերի ու երգերի հետ։ Ա֊ի երգերի թիվը հազարից ավելի է։ Դրանք անկեղծ են, ճշմարտացի («Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Տուր մեզ այսօր», «Երկու կիթառ» ևն), որով և բացատրվում է նրա երաժշտության արտասովոր կենսականությունը։ Բեմահարթակում Ա. իր տարբեր երգերով բազմազան նովելների մի ամբողջ շարք է ներկայացնում՝ օգտագործելով դերասանական յուրօրինակ արտահայտչամիջոցներ։ Ա֊ի ձայնը համարվում է «նոր ժամանակների ձայնական ամենակարևոր իրողությունը»։ Ա. արժանացել է «Ֆրանսիական երգի պատվո ժապավեններ» մրցանակին։ Ա. իր ստեղծագործական֊արտիստական անհատականությամբ ստեղծել է ինքևատիպ դպրոց, որն ունի իր հետնորդները։ Որպես բաևաստեղծ Ա. ռեալիստ է։ Նրա պոեզիային բնորոշ են պատկերների ու զգացողության թարմությունը, հոգեկան պոռթկումները («Իսկ ես անկյունում», «Եվ սակայն», «Պետք է գիտնալ», «Քաղաքը», «Գնաց ուրիշ սիրո հետ», «Հավերժության ճանապարհը» ևն)։

Ա. համբավավոր կինոդերասան Է։ Նրա կերտած կերպարները չարին անհաղորդ, բարոյապես մաքուր, հեշտ խոցվող «փոքր» մարդիկ են։ 1959-ին նկարահանվել է «Գլուխը պատը» կինոնկարում, շահել «Բյուրեղյա աստղ» մրցանակը (1959)։ Ուշագրավ դերերից են նաև՝ դաշնակահարը («Կրակեցեք դաշնակահարի վրա», 1960), ռազմագերի Ռոժեն («Հռենոսի անցումը», 1960), զինվոր Շառլը («Թոբրուք տանող տաքսին», 1961), մատուցողը («Սատանան և տասը պատվիրանները», 1961), փոստատարը («Փոստատարը գնում է պատերազմ», 1966) ևն։ Ա. 1961-ին արժանացել է «Ֆրանսիայի լավագույն դերասանը» մրցանակին։

Երկ. Սեր սրտի չափով, թրգմ. Ա. Ալիքյանի, Ե., 1968: Présentation par Ives Salgues, P. 1964. Aznavour par Aznavour, P., 1970.

Գրկ. Բրուտյան Ց., Սփյուռքի հայ երաժիշտները, Ե., 1968։ Երզնկյան Յու., Էկրանի Ազնավուրը, «ՍԱ», 1969, № 6։ Ց. Բրուտյան