Jump to content

ՀՍՀ/ԱԶՈԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԶՈԽ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 38 կմ հյասիս–արևելք։ 583 բն. (1968), հայեր։ Միավորված է Մեծ Թաղլարի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կապի բաժանմունք։ Ա–ում է ծնվել ավիացիայի գեներալ–գնդապետ Ս. Ա. Սարդարովը։ Ա–ում գտնվող քարայրում հայտնաբերվել են նեանդերթալյան մարդու մնացորդներ, հին քարի դարի հարուստ շերտեր, ձեռքի բազմաթիվ հատիչներ, կոպիտ քերիչներ, այժմ գոյություն չունեցող կենդանիների (նախնադարյան ցուլեր, ձիեր ևն) ոսկորներ։ 1968-ին Ա–ի քարայրի մուտքի մոտ, հատակից 7 մ խորության վրա, հայտնաբերվեց նախամարդու ծնոտի մի մաս, որ բավականին տարբերվում է այժմյան մարդու ծնոտից։ Ա–ի պեղածո մարդը, քարե գործիքները ունեն 300 հզ. տարվա անցյալ և պատկանում են հին քարի դարի աշելյան փուլին։ Հնագետների կարծիքով, նեանդերթալյան մարդու՝ Ա–ում գտնված տիպը ցարդ հայտնի է աշխարհի հնավայրերից միայն չորսում՝ Սիդի–Աբդեռահմանում (Մարոկկո), Շտայնհայմում (ԳՖՀ), Սվանոկոմբրում (Անգլիա) և Սեդիա–դել–դիաբոլոնում (Իտալիա)։