ՀՍՀ/ԱԹԵԻԶՄ
ԱԹԵԻԶՄ (հուն. άθεος – անաստված, ά – ժխտ. մասնիկ, θεός–աստված), աստվածամերժություն, մատերիալիստական ուսմունք, որը մերժում է կրոնը, ժխտում է աստծո, գերբնական ուժերի գոյությունը, բացահայտում կրոնական հավատալիքների պատճառները և նշում դրանց հաղթահարման ուղիներն ու միջոցները։ Ա–ի բնույթը և գիտական հիմնավորվածության ու հետևողականության աստիճանը պայմանավորված են տվյալ դարաշրջանի սոցիալ–տնտեսական պայմաններով, գիտության ու մատերիալիստական փիլիսոփայության զարգացման մակարդակով։ Ա. տարբերվում է դեիզմից, պանթեիզմից և կրոնական ազատախոհությունից, որն արմատականորեն չի մերժում կրոնը, թեև դատապարտում է կրոնական անհանդուրժողականությունը, քննադատում կամ յուրովի մեկնաբանում կրոնի զանազան դոգմաներն ու արարողությունները։ Ա–ի տարրեր կային դեռևս հին հուն, փիլիսոփաներ Քսենոֆսւնի, Անաքսիմենեսի, Հերակլիտի, Դեմոկրիտի, Էպիկուրի փիլիսոփայական ուսմունքներում։ Միջնադարում, կրոնի ու եկեղեցու բացարձակ տիրապետության պայմաններում, Ա. չէր կարող զարգանալ։ Բուրժուական Ա. (XVIII դ. ֆրանսիական մատերիալիստներ, Լ. Ֆոյերբախ և ուրիշներ), որն իր գլխավոր խնդիրն էր համարում պայքարը ֆեոդալիզմի հենարանի՝ եկեղեցու դեմ, խարխլեց կրոնի դիրքերը։ Մարտնչող աթեիստներ էին ռուս հեղափոխական–դեմոկրատները։
Ա. Հայաստանում դրսևորվել է ինչպես աղանդավորության (պավլիկյան շարժում, թոնդրակյան շարժում), այնպես էլ պանթեիզմի, դեիզմի, հակակղերականության և բուն Ա–ի ձևով։ Հայ միջնադարյան ազատախոհությունն ու հակակղերականությունն արտահայտվել են Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու, Ֆրիկի ստեղծագործություններում։ Մատերիալիստական ու աթեիստական տենդենցներ կան «Սասունցի Դավիթ» էպոսում։ Հայ աթեիստական միտքը զարգացման առավել բարձր աստիճանի է հասել XIX դ. երկրորդ կեսին։ Մ. Նալբանդյանը, Գ. Կոստանդյանը, Ն. Տաղավարյանը, Մ. Մալաքյանը մեծ ավանդ են ներդրել կրոնական «կոսմոգոնիայի» քննադատության, Ն. Կոպեռնիկոսի և Չ. Դարվինի ուսմունքների տարածման մեջ։
Սակայն մինչմարքսյան, այդ թվում և բուրժուական Ա. ուներ որոշակի սահմանափակություն. անհետևողական էր, կրում էր լուսավորչական բնույթ, ի վիճակի չէր բացահայտելու կրոնի սոցիալական արմատները և, հետևաբար, նշելու նրա հաղթահարման իսկական ուղիները։ Այդ սահմանափակությանը հաղթահարվեց մարքսիստական Ա–ի մեջ, որն ամենայն խորությամբ բացահայտեց կրոնի իմացաբանական և հատկապես՝ սոցիալական արմատները։ Մարքսիստական Ա. կրոնի լիակատար վերացումը կապում է հասարակության սոցիալիստական վերակառուցման հետ։ Սոցիալիզմի երկրներում Ա. դարձել է տիրապետող։ Աշխատավորների աթեիստական դաստիարակությունը կոմունիստական դաստիարակության անբաժանելի մասն է։
Գրկ. Маркс К. и Энгельс Ф., О религии, М., 1955; Левин В. И., О религии, М., 1955; Գիտական աթեիզմի հիմունքները, թրգմ. ռուս. 2 վերամշ. հրտ., Ե., 1963։ Իսայան Թ., Գիտական աթեիզմի հիմունքներ, Ե., 1967։
