Jump to content

ՀՍՀ/ԱԹԵՆԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԹԵՆԱՍ (Άθηνά) հին հունական աստվածուհի, պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների ու երկրագործության հովանավորը, Զևսի դուստրը։ Ա. պատկերվել է դաժան, վսեմ ու զինավառ կույսի կերպարանքով, «իմաստուն» բվեճի, երբեմն էլ՝ օձի կամ ձիթենու ծառի ուղեկցությամբ (տոտեմիզմի վերապրուկներ)։ Ըստ առասպելի, Ատտիկային տիրանալու համար ծագած վեճում Ա. հաղթել է Պոսեյդոնին, և աստվածները նրան ճանաչել են որպես աթենացիների խնամակալուհի։ Ա–ի անունով կոչվել է Աթենք քաղաք–պետությունը։ Նրա պաշտամունքին նվիրված ավելի քան 70 խոշոր տաճարներ ու սրբարաններ են եղել Հին Հունաստանում։ Գլխավոր տաճարը Պարթենոնն էր, որտեղ կանգնեցվել էր Ա–ի արձանը (գործ՝ Ֆիդիասի)։ Ա–ին էր նվիրված երկրի ամենամյա գլխավոր տոնը՝ Համաաթենականը։ Յուրաքանչյուր 4-րդ տարին հանդիսավորությամբ նշվում էր Մեծ Համաաթենականը, որ տևում էր 6 օր շարունակ՝ համայն աթենացիների մասնակցությամբ։ Ա–ի պատվին կազմակերպվել են հեծյալ և հետիոտն մարզիկների մրցություններ, ջահերով վազք, խմբերգեր, պարեր, արտասանություն ևն։

Հայկական դիցաբանության մեջ Ա. նույնացվել է Արամազդի դուստր Նանեի, իսկ հռոմեականում՝ Յուպիտերի դուստր Սիներվայի հետ։ Հելլադայից բերված Ա–ի արձանը Տիգրան Բ Մեծի օրոք դրվել է Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Թիլ ավանում (Երզնկա քաղաքի մոտ)։