ՀՍՀ/ԱԹԻԼԱ
ԱԹԻԼԱ (Attila, ծն. թ. անհտ. – 453), հոների առաջնորդ 434-ից (եղբոր հետ)։ 445-ին սպանելով իր եղբորը՝ Բլեդային, դարձավ միահեծան տիրակալ։ Հենվելով ներկայիս Հունգարիայի տերիտորիայում գտնվող հոնական զորակայանների վրա՝ սկսեց իր նվաճումները։ Ա–ի օրոք հոների պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Ա. իրեն ենթարկեց Կովկասից մինչև Հռենոս և Դանիական կղզիներից մինչև Դանուբ ընկած երկրները, ներխուժեց Արևելա–Հռոմեական կայսրություն և Գալիա, ավերեց Հյուսիսային Իտալիան և փրկավճար վերցրեց Հռոմից։ Բայց 451-ին Կատալաունյան դաշտում պարտվեց Արևմտա–Հռոմեական կայսրության զորքերից։ Ա–ի մահից հետո հոների ռազմական միությունը քայքայվեց։
ԱԹԼԵՏԻԿԱ (հուն. άδληθις - մարտ), 1. ֆիզիկական վարժությունների կատարման և մրցումների միջոցով մկանային ուժ, արագաշարժություն, դիմացկունություն, ճարպկություն և մարզական այլ բարձր հատկանիշներ զարգացնելու արվեստ։ Ժամանակակից հասկացությամբ, ֆիզիկական դաստիարակության բնագավառում «Ա.» տերմինը ձևականորեն պահպանվել է ծանր աթլետիկայի և թեթև աթլետիկայի անվանումներում։ Սակայն Ա. որոշ չափով հատուկ է գրեթե բոլոր մարզաձևերին։ 2. Կրկեսային արվեստի տեսակ, ընդգրկում է ուժ և ճարպկություն պահանջող վարժություններ։ Ա. Հին Հունաստանում հասել էր դասական աստիճանի, կիրառվել օլիմպիական խաղերում: Հայաստանում հայտնի է դեռևս հեթանոսական շրջանից (տես Նավասարդյան խաղեր)։ Սկսած XIX դարից կրկեսային ներկայացումներում մտցվեցին ուժային շարժաձևեր ցուցադրող համարներ։
