ՀՍՀ/ԱԹՈՍ
Հին հունական աղբյուրներում գերազանցապես հայտնի է «Սուրբ լյառ» հորջորջումով։ Վաղ միջնադարում քրիստոնեական ճգնակեցության կենտրոններից էր։ 830-ին արաբներն ավերեցին Ա.։ Մի քանի տարի անց Եվթիմեոս Կրտսերի, Հովսեփ Հայազնի ու այլոց ջանքերով անա– պտտական կյանքը մասամբ աշխուժացավ, բայց 866-ին արաբները նորից ասպատակեցին։ Բյուզանդական Վասիլ և Լևոն կայսրերը (սկսած 867-ից) պաշտպանեցին ու արտոնեցին աթոսաբնակներին։
Նիկեփոր II Փոկաս կայսեր (963–969) խորհրդով նրա ազգական Աթանասը (ծն. 920 – մահ. 1011) Սդուդիոնի Սուրբ Հովհաննես վանքում ուսանելուց հետո հաստատվել է Ա–ում, կոչվել Աթանաս Աթոսացի, հիմնել նոր միաբանություն, առաջին հոյակապ Մեծ Լավրա (Meghiste Lavra) վանքը, սահմանել վանական կյանքի «կանոնադրությունը և պարտադրել կապվել մայրաքաղաք Բյազանդիոնին։ Աթանաս Աթոսացու գործունեությամբ վանական կյանքի մեծ վերելք սկսվեց։ Ուղղադավան տարազգի (հույն, հայ, սլավոն, վրացի, ասորի են) վանքերի ընդհանուր ղեկավարությունն իրացնում էր վարչությունը՝ պրոտոսի գլխավորությամբ (ներքին կյանքը մանրամասն նկարագրված է Հովհան Չմշկիկի «Սահմանք»–ում)։ Աթոսացի հայ քաղկեդոնականները հիմնականում Տայքից էին։ XIII դ. նրանք գործակցել են սլավոն վանականների հետ (այստեղ գրված սլավոնական մի ձեռագիր ունի հայատառ պրակակալ)։ Նշանավոր կառույցներից է Աթանաս Աթոսացու տաճարը (Մեծ Լավրան, կառուցվել է 963–1004), որ տեղադրված է Ա–ի արևելյան ծայրում՝ նվիրված նրա հիմնադիր Աթանաս Աթոսացուն։ Շրջապատված է աշտարակավոր պարիսպներով, նրանց հարած՝ դեպի բակը բացվող օժանդակ շինություններով։ Ներքին ազատ տարածության գլխավոր առանցքի երկարությամբ շարված են կաթողիկեն, գավիթը, կամարաշար նախասրահը, կողմերում՝ կաթողիկեի տիպով երկու մեծ մատուռներ։ Նախասրահի առջև սուրբ ջրի աղբյուրն է և խաչաձև հատակագծով սեղանատունը։ Կաթողիկեն քառաբսիդ է (մուտքի խորշը հավանաբար վերացվել է հետագայում՝ գավիթը կառուցելիս), կենտրոնական սրահը քառակուսի է և ունի գմբեթակիր չորս ազատ մույթեր։ Հատակագծային ու ծավալային այս օրինակով կառուցվել են Ա–ի մյուս վանքերի մի քանի եկեղեցիներ, ինչպիսիք են՝ Վատոպեդին (X դ. վերջ), Խիլինտարը, վրացական Իվիրոնը, ռուսական Քսիլիրգուն (մինչև 1016), Պանտելեյմոնը ևն։ Քառաբսիդ, գմբեթակիր չորս մույթերով կառուցվածքը ճարտարապետական մոնումենտալ այն ձևերից է, որ սկիզբ է առել Հայաստանում (Բագարան, 624–630), նախատիպ եղել Կ. Պոլսի կայսերական պալատի Նեա մատուռի (IX դ․), Միլանի Սան Սատիրո (868–881), Ֆրանսիայի Ժերմինի–լե–Պրե (IX դ. սկիզբ) և աթոսյան եկեղեցիների համար (X դ. սկսած)։ Տաճարներում կան որմնանկարներ, խճանկարներ (վաղ օրինակները XI դ. ևն)։ Վանքերը բազմիցս վերանորոգվել և վերականգնվել են։ Նրանցում պահպանվում են 10 հազարից ավելի հունարեն, սլավոներեն և այլ լեզուներով ձեռագրեր (այդ թվում՝ Աթանաս Աթոսացու «Կանոնադրության» բնագիրը, միակ ընդօրինակումը Լենինգրադում է), սրբապատկերների, դեկորատիվ–կիրառական արվեստի առարկաների հարուստ հավաքածու։
Գրկ. Порфирий [Успенский К. А.] Описание монастырей Афонских…, СПБ, 1848; Նույնի, История Афока, Т. 1-3, Киев, СПБ, 1877-92; Alpago Novello A., Grecia Bizantina, Milano, 1969 (ունի մատենագիտական ցանկ)։
