ՀՍՀ/ԱԼԱԲԱՄԱ
ԱԼԱԲԱՄԱ (Alabama), նահանգ ԱՍՆ–ի հարավում։ Տարածությունը՝ 133,7 հզ. կմ²։ Բնակչությունը՝ 3373 հզ. (1970, մոտ 30%՝ նեգրեր), այդ թվում 55%՝ քաղաքներում։ Վարչական կենտրոնը՝ Մոնտգոմերի։ Հարավային մասը ցածրադիր հարթավայր է։ Հյուսիսում և հյուսիս–արևելքում Ապալաչների հարավային վերջավորություններն են և նրանց նախալեռները։ Ա–ում զբաղվում են բամբակի, գետնանուշի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Բիրմինհեմի շրջակայքում զարգացած է սև մետալուրգիան։ Արդյունահանում են՝ երկաթի հանքաքար, քարածուխ, կրաքար, նավթ, մարմար։ Թեննեսի գետի հովտի էլեկտրակայանների բազայի վրա ստեղծվել է ալյումինի, պայթուցիկ նյութերի, պարարտանյութերի խոշոր արտադրություն։ Կան նաև տեքստիլ, սննդի, ցեմենտի, փայտամշակման, հրթիռային արդյունաբերության ձեռնարկություններ։ Գլխավոր նավահանգիստը Մոբիլն է (Մեքսիկական ծոցի ափին)։
