Jump to content

ՀՍՀ/ԱԼԱՀՎԵՐԴԻ ԽԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱԼԱՀՎԵՐԴԻ ԽԱՆ (ծն. թ. անհտ. – 1614), Սեֆյան շահ Աբբաս անվանի զորավարներից, Ֆարս նահանգի բեգլարբեկի (կառավարիչ), 1603–08-ի թուրք–պարսկական պատերազմների մասնակից, ազգությամբ հայ։ Մեծ դեր է խաղացել ղզլբաշների նոր բանակի կազմավորման գործում։ 1604-ին Ա. խ. արշավել է մինչև Արճեշ՝ խստագույնս հրահանգելով իր զինվորներին չդիպչել խաղաղ բնակչությանը։ 1605-ին Թավրիզի մոտ պարտության է մատնել Ջղալ–օղլի Սինան փաշայի բանակը և հալածել մինչև Վան։ Ա. խ. իր բեգլարբեկության շրջանում կատարել է շինարարական աշխատանքներ Շիրազում և Սպահանում (կամուրջ Սպահանի Զայենդերուդ գետի վրա ևն)։ Մահացել է Սպահանում և թաղվել Մաշհադի իմամ–Ռիզայի սրբավայրին կից կառուցված հատուկ դամբարանում։

Գրկ. Առաքել Դավրիժեցի, Պատմութիւն, Վաղ–պատ, 1896։