Jump to content

ՀՍՀ/ԱԼԱՅԱԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱԼԱՅԱԶ, գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգնաձոր–Գյուլլիդուզ խճուղու վրա, շրջկենտրոնից 22 կմ հյուսիս–արևմուտք։ 879 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտեսության զբաղմունքն է անասնապահությունը, այգեգործությունը, ծխախոտի մշակությունը։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան։

Ա. հնում հայտնի էր Եղեգիս կամ Եղեգիք անվամբ և Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառի հնագույն բնակավայրերից էր, IX դ. սկսած՝ Սյունյաց գահերեց իշխանների նստավայրը։ XI դ., երբ կենտրոնը տեղափոխվեց Կապան, Եղեգիսն ​անշքացավ և մասամբ ավերվեց։ XIII–XV դդ., Օրբելյանների տիրապետության շրջանում, նորից վարչական կենտրոն էր։ XVII դ. Շահ–Աբբաս I բնակիչների մի մասին գաղթեցրեց Պարսկաստան։

Ա. հարուստ է պատմական հուշարձաններով։ Հյուսիսային կողմում գտնվում է Սմբատաբերդ ամրոցը, իսկ արևելյան եզրի բարձունքին՝ Ս. Ստեփաննոս կամ Զորաց եկեղեցին, որ XIV դ. կառուցել է Սյունյաց Տարսայիճ իշխանի թոռ Ստեփաննոսը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է հնի ավերակների վրա, 1703-ին։ Գյուղի կենտրոնում են գտնվում թաղածածկ կաթողիկե փոքր եկեղեցու ավերակները, իսկ հարավային եզրին կանգնած է Ս. Նշան կամ Ս. Կարապետ քառանկյուն, գմբեթավոր փոքր եկեղեցին (XIII դ.)։ Նրանից ոչ հեռու գտնվել է Տարսայիճի ապարանքի մուտքի ճակատաքարը՝ արձանագրությամբ։ Ա–ից 4 կմ հյուսիս–արևելք կան վանքի ավերակներ, որ, հավանաբար, Վայոց ձորի Վերին Նորավանք կոչված վանքինն են։ Ա–ի սահմաններում է Հոստուն գյուղատեդին։ Այն պատմական Ոստինք գյուղն է, որը մատենագրության մեջ հիշատակվում է Ոստինք վանքի հետ։ Այժմ նրա տեղում պահպանվել է XVII – XVIII դդ. վերակառուցված եկեղեցին։ Հայտնի են նաև Ա–ի բարձրարվեստ խաչքարերը (XIII դ.)։ Հ. Հովսեփյան, Ա. Քալանթարյան