ՀՍՀ/ԱԼԱՇԿԵՐՏԻ ԴԱՇՏ
ԱԼԱՇԿԵՐՏԻ ԴԱՇՏ, գտնվում է Հայկական պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաների միջև։ Երկարությունը (արևմուտքից արևելք) մոտ 85 կմ, լայնությունը (հյուսիսից հարավ)՝ մոտ 50 կմ, բարձրությունը՝ մինչև 1900 մ, կենտրոնական մասում՝ 1650 մ։ Ա. դ–ի հիմքում երրորդական դարաշրջանի բազալտային լավաներ են՝ ծածկված գետալճային և կավաավազային նստւխւծքներով։ Օգտակար հանածոներն են ծծումբը և տորֆը։ Կան ջերմուկներ։ Ձմեռը խստաշունչ է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -10°C–ից -12°C, նվազագույնը՝ -25°C–ից -30°C, ամառը՝ զով, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ + 16°C–ից +18°C։ Տեղումները՝ մինչև 600 մմ։ Գետային ցանցը խիտ է, ձմռանը գետերից շատերը սառցակալում են։ Գլխավոր գետը Արածանին է։ Ա. դ–ում բերրի սևահողեր են, գետահովիտներում՝ ալյուվիալ։ Լանդշաֆտը մարգա գետնատափաստանային է, գետահովիտներում և նախալեռնային ձորակներում կան թփուտներ։ Ա. դ–ում բնակվող հայերն զբաղվում էին հողագործությամբ (հացահատիկ, բանջարեղեն) և անասնապահությամբ։ Ա. դ. հիմնականում համընկնում է պատմական Բագրևանդ գավառին։ Ա. դ–ի հարավ–արևելյան հատվածը հնում կոչվել է Ձիրավ, իսկ արմ. հիմնական հատվածը՝ Բագրևանդի դաշտ։
